Թույլ չենք տա գունավոր հեղափոխությունների սցենարի իրագործումը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ղազախստանում տիրող իրավիճակին, ՀԱՊԿ անդամ երկրների առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ չի կարելի թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարների իրագործումը։ 

«Մենք թույլ չենք տա զարգացնել իրավիճակը մեր տանը, գունավոր հեղափոխությունների սցենարներ իրականացնել»,- ասել է Պուտինը: 
Նա հայտարարել է, որ սա արտաքին միջամտության ո՛չ առաջին, ո՛չ վերջին փորձն է։

Հիշեցնենք, հունվարի երկուսից Ղազախստանում զանգվածային անկարգություններ են սկսվել՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի ։ Երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն է սահմանվել։ Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը հաղթահարելու, երկրի ներսում իրավիճակը կայունացնելու հարցով դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ՀԱՊԿ ԱԽ նախագահ Ղազախստանի դիմումով անմիջապես խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ և հայտարարեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան: Խոսքը շուրջ 100 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը: