Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ անհանգստացած են գնաճի մակարդակով և թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում են գործիքներ գտնել, որպեսզի կարողանան զսպել գնաճը։ Քերոբյանը հիշատակեց, որ որոշակի ապրանքատեսակների գնման համար ԵԱՏՄ արտոնյալ մաքսատուրքեր է սահմանել որոշակի ապրանքախմբերի համար, ինչը հնարավորություն է տալիս, որ գնաճը այդ ապրանքատեսակների առումով զսպվի։
Քերոբյանը նաև նշեց, որ չնայած դրան, այս տարի մենք ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից շատ ավելի շատ է, ինչը թույլ է տալիս ասել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսպիսի գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ կամ երկու տարի առաջ։
Քերոբյանն առաջարկեց սպասել, մինչև թվերը կամփոփվեն և պարզ կլինի, թե ինչքան է կազմել իրական տնտեսական աճը և նշեց, որ իրական տնտեսական աճը հաստատ 10 տոկոսից ավել չի լինի։ Իրական տնտեսական աճը, ըստ Քերոբյանի, երկնիշ չի լինի։
Անդրադառնալով երկաթուղիների բացմանը՝ Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջևան և Իրան և դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա, Քերոբյանն ասաց, որ այստեղ կարևոր են մանրուքները։ «Կարևոր է հասկանալ ժամանակացույցը։ Կարևոր է հասկանալ թե արդյո՞ք երկաթգծերը կշահագործվեն պատրաստ լինելուն պես, թե՞ միաժամանակ։ Եթե միաժամանակ՝ դեռ մի քանի տարի կա», - ասաց Քերոբյանը։
Թե որքան գումար անհրաժեշտ կլինի երկաթուղիների կառուցումը Հայաստանի հատվածում, Քերոբյանն ասաց, որ հաշվարկներն ունի Տարածքային կառավարման նախարարությունը, բայց իր իմանալով շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը՝ Երասխի մոտ, մի քիչ ավելի խոշոր ներդրման անհրաժեշտություն կա Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգման համար, որովհետև հին երկաթգիծը ամբողջովին ապամոնտաժվել է։ «Այս պահին մենք հստակ նախագիծ չունենք և չունենք նաև մոտավոր գնահատական, բայց կարծում եմ, ներդրման ծավալը մոտ 200մլն դոլարի սահմաններում կլինի, իսկ ավելի խոշոր ներդրումը արդեն սահմանից մինչև Հորադիզ հատվածում՝ արդեն Ադրբեջանի տարածքում, երկաթգծի կառուցումն է, որովհետև այնտեղ նույնպես ապամոնտաժված է երկաթգիծը և այնտեղ բավական խոշոր ներդրումներ են պահանջվում՝ մոտ 1 մլրդ դոլարի չափով», - ասաց Վահան Քերոբյանը։
Խոսելով թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին, Քերոբյանը նշեց, որ լայն կոնսենսուս այս հարցով չկա, սակայն վստահություն հայտնեց, որ մինչև տարեվերջ ընդհանուր հայատարարի և որոշման կգան։ Անդրադառնալով հանգամանքին, որ չնայած արգելքին, այնուամենայնիվ շուկայում կան թուրքական ապրանքներ և բրենդներ, Քերոբյանն ասաց, որ այս հարցը իրենց նախարարությանը շատ հուզող հարց է և նշեց, որ այս շաբաթ կայացել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է հարցը, թե ինչպես կարելի է ուժեղացնել շուկայի վերահսկողությունը սահմանի ներսում։ «ՊԵԿ-ը ունի որոշակի դժվարություններ ԵԱՏՄ-ից փոխադրված ապրանքների մասով, քանի որ, ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ից Հայաստան առաքված ապրանքները չեն մաքսազերծվում և մաքսային սահման չեն անցնում և այդ առումով ՊԵԿ-ն ունի բավական լուրջ խոչընդոտներ։
Այնուամենայնիվ, իրենք ջանք չեն խնայում՝ զսպելու համար թուրքական ապրանքների մուտքը Հայաստան», - ասաց Քերոբյանը։
Վահան Քերոբյանը, հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, ասաց, որ Հայկ Մարությանն իր ընկերն է, դասընկերը, և ինքը ճիշտ չի համարում պատասխանել այդ հարցին, որովհետև դա ունի նաև անձնական շերտ։