Արևմուտքին թվում էր, թե Իրանը կհրաժարվի բանակցել միջուկայն ծրագրի շուրջ. Իրանի նախագահ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների յոթերորդ փուլի ավարտից օրեր անց՝ պաշտոնական Թեհրանը կրկին պահանջում է ամբողջությամբ վերագործարկել 2015 թվականին կնքված համաձայնագիրն ու վերացնել իսլամական հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
«Նախ հարկավոր է սառեցնել, ապա նաև ամբողջությամբ վերացնել այդ պատժամիջոցները», - նշել է Ռաիսին՝ պնդելով, որ հակառակ կողմը վստահ էր, որ Թեհրանը կհրաժարվի մասնակցել միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններին։
«Փառք Աստծո, ողջ աշխարհը տեսավ, որ Իրանը հզոր կերպով և հպարտորեն է մասնակցում այդ բանակցություններին՝ պայմանագրերի միանգամից երկու տեքստ ներկայացնելով կողմերին։ Մեկը վերաբերում էր միջուկային համաձայնագրին, մյուսը՝ պատժամիջոցների վերացմանը», - հայտարարում էր Իրանի նախագահը։
Ավելի վաղ, Վիեննայում ընթացող բանակցություններում, Իրանի պատվիրակությունը ղեկավարող փոխարտգործնախարար Ալի Բաղերին նշել էր, թե «Իրանը երբեք չի հրաժարվի 2015-ի համաձայնագիրը նույնությամբ վերագործարկելու և պատժամիջոցները վերացնելու գաղափարից։ 2018-ին Միացյալ Նահանգներ էր, որ միակողմանիորեն լքեց պայմանագիրը, ուստի հենց Վաշինգտոնն էլ պետք է առաջին քայլը կատարի»։
Աղբյուրը՝ azatutyun.am