Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչնեըր հաստատել են Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը
«ԵՄ դեսպաններն այսօր առավոտյան (չորեքշաբթի) իրենց հանդիպման ժամանակ հավանություն են տվել պատժամիջոցների հինգերորդ փաթեթին, որը ներառում է մոտ 25 ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ պատժի սահմանում»,-TACC-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ աղբյուրը:
Դիվանագետի խոսքով, ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի հինգշաբթի օրը ԵՄ պաշտոնական ամսագրում և ուժի մեջ կմտնի։
Նոյեմբերի 15-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Բելառուսի իշխանությունների դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը համաձայնեցվել է, այն շուտով ուժի մեջ կմտնի:
Հինգերորդ փաթեթը Մինսկի նկատմամբ ընդունված պատժամիջոցներն են՝ ԵՄ-ի տեսանկյունից ոչ ճիշտ անցկացված նախագահական ընտրությունների, 2020 թվականի օգոստոսին և դրան հաջորդած հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ կալանավորումների ու դատավարությունների համար։
Այս պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում, դրանք կիրառվել են երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև կառավարության անդամների, անվտանգության պաշտոնյաների, դատախազների, դատական և ընտրական համակարգերի ներկայացուցիչների դեմ։
Այս պահին Բելառուսի հետ կապված ԵՄ սև ցուցակում ընդգրկված է 166 անհատ և 15 կազմակերպություն։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Մինսկը հանգիստ է վերաբերվում պատժամիջոցների նոր փաթեթներ մտցնելու ԵՄ մտադրությանը։ Բելառուսի տնտեսությունը, նրա խոսքով, հաջողությամբ հաղթահարում է այդ ճնշումը։