Բեյրութի նավահանգստի պայթյունի զոհերի ընտանիքները բողոքում են հետաքննության դադարեցման դեմ
Բեյրութի նավահանգստի նախորդ տարվա պայթյունի զոհերի ընտանիքները բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ աղետի հետաքննությունը դադարեցվել է:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են քաղաքում՝ պահանջելով, որ գլխավոր դատավոր Թարեկ Բիթարը թույլ տա վերսկսել աշխատանքները, գրում է BBC-ն:

Պայթյունի հետաքննությունը նա դադարեցրել է երկուշաբթի՝ այն բանից հետո, երբ հարցաքննության համար հետախուզվող նախկին նախարարը բողոք ներկայացրեց նրա դեմ՝ մեղադրելով կողմնակալության մեջ:

Հիշեցնենք, որ ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով զոհվել է 219 մարդ, վիրավորվել՝ 7000-ը:

Հրդեհի բռնկման արդյունքում պայթել էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, որը, որպես գյուղատնտեսական պարարտանյութ լայնորեն կիրառվող այրվող քիմիական նյութ, պայթեցվել է նավահանգստի պահեստում գրեթե վեց տարի:
Բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ էին նյութի գոյության և դրանից բխող վտանգների մասին, սակայն չեն հեռացրել կամ ոչնչացրել այն: 

Բեյրութից BBC-ի թղթակիցը հաղորդել է, որ ավելի քան մեկ տարի զոհվածների հարազատները պարբերաբար ցույցեր են անցկացնում՝ պահանջելով արդարադատություն, իսկ այժմ նրանք մտավախություն ունեն, որ ամբողջ հետաքննությունը կարող է կոլապսի ենթարկվել:
«Եթե չկա արդարադատություն, ուրեմն չկա նաև պետություն»,- BBC-ին ասել է Հիամ Բեկաայը, որի որդի Ահմադը զոհվել է պայթյունի հետևանքով:

Սա երկրորդ դեպքն է, երբ հետաքննությունը կասեցվում է՝ ի պատասխան հարցաքննության հրավիրված բարձրաստիճան քաղաքական գործիչների բողոքների:

Լիբանանի գերագույն դատարանը այս տարվա սկզբին հեռացրել է առաջին գլխավոր դատավորին՝ այն բանից հետո, երբ նա մեղադրել է պայթյունի պահին վարչապետ հանդիսացող Հասան Դիաբին, ֆինանսների նախկին նախարար Ալի Հասան Խալիլին և հանրային աշխատանքների նախկին նախարարներ Յուսեֆ Ֆինանուսին և Ղազի Զայթերին: 

Այս չորս պաշտոնյաներն էլ հերքել են իրենց կողմից կատարված որևէ անօրինական գործողության մեղադրանքները և հրաժարվել հարցաքննվել որպես կասկածյալ՝ մեղադրելով դատավորին իր լիազորությունները չարաշահելու մեջ:

Այժմ դատավոր Բիթարին նմանատիպ մեկ այլ բողոք է սպառնում մեկ այլ քաղաքական գործչի՝ ներքին գործերի նախկին նախարար Նոհադ Մաչնուկի կողմից, ով կանչվել է հարցաննության անփութության կասկածանքով և պետք է դադարեցնի իր աշխատանքը՝ մինչ դատարանը որոշում կկայացնի:

Զոհերի հարազատները պնդում են, որ ազդեցիկ քաղաքական գործիչները խոչընդոտում են արդարադատությանը և ահաբեկում դատավոր Բիթարին:

Սյուզի Սիրականյան