«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցումը նշանակում է նրա դիրքերի թուլացում Հրվ. Կովկասում». Գրիզլով
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցումը չի կարող լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ այն կայուն է, բայց կնշանակի նրա դիրքերի թուլացում Հարավային Կովկասում, հայտարարել է Բելառուսում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում։

«Ցանկացած քայլ, որը կարող է օտարել ՀԱՊԿ անդամ երկրներին միմյանցից, խորապես սխալ է: Կազմակերպության շրջանակներում ստեղծվել են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և լուծումներ գտնել մի շարք հարցերի, նույնիսկ եթե դրանք առաջին հայացքից դժվարլուծելի են թվում։ Չեմ կարծում, որ Երևանի նման քայլը կարող է լրջորեն խաթարել կազմակերպության աշխատանքը, քանի որ այն լիովին կայուն է»,- ասել է Գրիզլովը։

Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե այս պայմաններում ինչպես կառուցել հենց Հայաստանի քաղաքականությունը, քանի որ Հարավային Կովկասում Արևմուտքի գործողություններն ու ծրագրերը ամենևին էլ թելադրված չեն այս տարածաշրջանի երկրների նկատմամբ մտահոգությամբ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են ոչ թե կառուցողական համագործակցության, այլ տարածաշրջանի երկրներին իրենց աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ ներքաշման։