Ռուսաստանի և Արևմուտքի միջև ներկայիս «ռազմական հակամարտությունը» զարգանում է «վատագույն սցենարով», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Սրանք վտանգավոր և վնասակար մոլորություններ են։ ՆԱՏՕ-ի երկրների այդպիսի «անհատական օգնությունը» Ռուսաստանի դեմ՝ լինի դա նրանց հեռահար թևավոր հրթիռներով կառավարումը, թե զորքերի կոնտինգենտի ուղարկումը Ուկրաինա, հակամարտության լուրջ էսկալացիա է:
Նախկին Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրների նրա դաշնակիցները կստանան այնպիսի կործանարար պատասխան, որ դաշինքն ինքը պարզապես չի կարողանա զերծ մնալ հակամարտության մեջ ներքաշվելուց»,- ասել է Մեդվեդևը։ Նրա խոսքով՝ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ ՆԱՏՕ-ի երկրները «կարող են նաև հաշվարկների մեջ սխալվել, թեև դա ճակատագրական սխալ կլինի»:
«Ի վերջո, ինչպես իրավացիորեն նշել է ՌԴ նախագահը, եվրոպական երկրներն ունեն բնակչության շատ բարձր խտություն։ Իսկ այն թշնամի երկրների համար, որոնց հողերն ավելի հեռու են մարտավարական միջուկային զենքի ծածկույթի գոտուց, վերջապես կա ռազմավարական պոտենցիալ։ Եվ սա, ավաղ, ահաբեկում կամ միջուկային բլեֆ չէ։ Արևմուտքի հետ ներկայիս ռազմական հակամարտությունը զարգանում է վատագույն սցենարով։ ՆԱՏՕ-ի կիրառելի զենքերի հզորության մշտական էսկալացիա է նկատվում։ Ուստի այսօր ոչ ոք չի կարող բացառել հակամարտության անցումը վերջնական փուլին»,- հավելել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։