Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած շրջանների վերականգնման հարցում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսանք դրական արձագանք և նորից կրկնում ենք, որ բոլոր առաջարկները, որոնք արվել են, արդիական են: Եվ որպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք նեցուկ լինել՝ ելնելով Երևանի կարիքներից»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը արձագանքե՞լ է օգնության առաջարկին:
Նա հիշեցրել է, որ Մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնն անմիջապես միացել է հետևանքների վերացմանը և անհրաժեշտ սարքավորումներ հանձնել Հայաստանի իշխանություններին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել օգնելու 102-րդ բազայի ուժերով և միջոցներով։ Օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը սպասարկում է Երևան-Թբիլիսի երթուղին։
«Այն այս օրերին ակտիվորեն մասնակցում է երկաթուղային երթևեկության վերագործարկմանը»,- ասել է Զախարովան։ «Եվս մեկ անգամ մեր ցավակցությունն ենք հայտնում աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշել է Զախարովան: