«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դրա կազմակերպիչների ծրագրերի տարրերից մեկն էր, նրանք մտադիր չեն սահմանափակվել միայն այդ հարձակմամբ: Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նրա խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։ «Այդ ուժերի ձգտումները չեն սահմանափակվում մեկ ահաբեկչությամբ։ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը Ռուսաստանի հակառակորդների նկրտումների շղթայի օղակներից մեկն է։ Նրանք շահագրգռված են մեր երկրում իրավիճակի ապակայունացմամբ և ԱՊՀ-ում ազգամիջյան համերաշխությունը ինչ-որ կերպ փլուզելով։ Բայց ես կարծում եմ, որ նրանց չի հաջողվի այն, ինչ մտածել են»,- կարծում է Նարիշկինը։