Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները Ադրբեջան կատարած այցից հետո զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել Ջոլֆա և Վարզաքան քաղաքների միջնամասում։ Նախագահ Ռաիսին և նրա հետ ուղղաթիռում գտնվող անձինք վերադառնում էին Իրան-Ադրբեջան սահմանին կառուցված ամբարտակի բացման արարողությունից։
Ուղղաթիռի կործանման, դրա հնարավոր պատճառների, ինչպես նաև այն մասին, թե այս միջադեպն ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա, Civic.am-ը զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ։
Վերջինս նշեց, որ առաջին պահին լուրը հաղորդեց իսրայելական մի լրատվական, դրանից շատ կարճ ժամանակ հետո իսրայելական կողմը հայտարարեց, որ իրենք որևէ դերակատարություն չեն ունեցել ուղղաթիռի կործանման մեջ, բայց պաշտոնական Թեհրանը այդ հարցով դեռ չի արաձագանքել, բայց նաև չի հերքել՝ արտաքին ուժերի միջամտության հարց կա՞, թե՞ ոչ։
«Բայց որոշ փորձագետներ, այդ թվում՝ դոկտոր Քազեմին, որը տարածաշրջանին բավականին ծանոթ հետազոտող և վերլուծաբան է, ասում է՝ նկատի ունենալով Ադրբեջանի մտադրությունները Իսրայելի հետ և նախկինում ունեցած իր դերակատարությունը որոշակի քայլերում, որ Իսրայելը Իրանի դեմ արել է, այսինքն՝ իսրայելական անօդաչուները, որ թռել են Ադրբեջանից դեպի Իրան և այլն, և այլն, այդ հարցերն արծարծելով՝ այն կարևոր կետն է հնչեցնում, որ ադրբեջանական կողմը շեշտակիորեն պնդում էր նախագահի ներկայությունը «Հույսի աշտարակ» ամբարտակի բացմանը։ Այդ բոլոր պնդումները շարելով իրար կողքի՝ նա ասում է, որ մենք պարտավոր ենք շատ ավելի լուրջ վերաբերվել այս դեպքին և մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչը կարող էր պատճառ դարձած լինել ուղղաթիռի վթարի»,- ասաց Մովսես Քեշիշյանը՝ հավելելով, որ պաշտոնապես դեռ նման ենթադրություններ չկան։
Նրա խոսքով՝ եթե վերջնականորեն իրանական կողմը հաստատի, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է պատահել դեպքը, այս թղթածրարը պետք է համարել փակված, իսկ եթե ոչ, պիտի սպասել հավանական քայլերի, որ Իրանը պետք է անի այն կողմերի կամ այն կենտրոնների դեմ, որոնք այս հարցում դերակատար են եղել։
«Եթե հաշվի առնենք կասկածները, առաջին կասկածի թիրախում է հայտնվում Ադրբեջանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի տարածք, Նախիջևանի տարածք և Թուրքիայի, որովհետև չմոռանանք, որ եվրոպական, արևմտյան հետազոտական կենտրոնները և նաև ՋՓՍ քննարկումները կամ խլացնող կենտրոններն այդ տարածքներում են ներկա, և իրենք կարող էին ուղղակիորեն դերակատար լինել ուղղաթիռի ՋՓՍ-ը անջատելու կամ խախտելու մեջ։ Այս ամենը կարելի է հաշվի առնել՝ նաև նկատի ունենալով Իրանի վերջին շրջանում ունեցած աշխուժությունը Միջին Արևելքի, Մերձավոր Արևելքի տարածքում։ Այս հարցերն ուղղակիորեն այնպիսի վիճակ են ստեղծել, որ ուզում են ինչ-որ կերպ Իրանին կասեցնել, և մյուս կողմից էլ՝ Իսրայելը վատ պայմանների մեջ է և փաստորեն որևէ տեղաշարժ, զարգացում չի կարողացել արձանագրել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ իր պատերազմում։ Այդ երկիրը փորձում է հարցը ավելի տարածաշրջանայինի և միջազգայինի վերածել, որպեսզի կարողանա դրանից շահել և իր գործն առաջ տանել»,- նշեց Մովսես Քեշիշյանը։
Քանի որ ըստ իրանական օրենսդրության՝ նախագահի մահվանից հետո հաջորդ ընտրությունները պետք է կայանան 50 օրվա մեջ, Մովսես Քեշիշյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք նախագահի հավանական թեկնածուներ։ Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ տարբեր թեկնածուների մասին խոսում են, բայց դեռ որևէ հստակ անուն չկա, մարդկանց կողմից հնչեցվում են անուններ, որոնք պարզապես վերջին ընտրություններին եղել են որպես թեկնածու։
Ինչ վերաբերում է այս իրավիճակում տարածաշրջանային հնարավոր իրադարձություններին, Մովսես Քեշիշյանն ասաց, որ ուղղաթիռի միջադեպի հետ կապված եթե որևէ բան չապացուցվի արտաքին ուժերի դերակատարության մասին, որևէ փոփոխություն չի կանխատեսում և հավանական էլ չէ, Իրանը որոշակի ընթացք ունի, բայց եթե արտաքին ուժերի միջամտության հարց պարզվի, կամ կասկածների տոկոսային վիճակը ավելի բարձրանա, բնական է, որ Իրանը կփորձի որոշակի պատասխաններ տալ, և նրանց, ովքեր դերակատար են եղել կամ կասկածվում են, նրանց հետ հարաբերությունները կփորձի այլ դաշտ տեղափոխել, այդ թվում՝ Ադրբեջանի։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, Մովսես Քեշիշյանն ասաց, որ չի կարծում, թե այստեղ հատուկ բան պետք է փոփոխվի։
«Հայաստանը շատ հստակ և արագորեն իր ցավակցական և նեցուկ կանգնելու հայտարարությունը հրապարակեց, և դա հավասարակշիռ մոտեցում էր։ Շատ արագ այստեղ դրան արձագանքեց իրանական մամուլը։ Կարծում եմ, որ Հայաստանը, մանավանդ նոր իշխանությունները 2018 թվից հետո տարբեր առիթներով այս հարցով խոսել են։ Հիշեցնեմ, որ պարոն վարչապետը Ջոն Բոլթոնի հետ հանդիպմանը հստակորեն ասաց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երրորդ կողմերին չեն առնչվում, և այդ նախադասությունը շատ լավ դեր խաղաց և շատ ազդեցիկ է Իրան-Հայաստան հարաբերություններում։ Եթե ներքին դաշտում խանգարողներ չլինեն, հայ-իրանական հարաբերություները կարող են օր օրի ավելի զարգանալ»,- եզրափակեց Մովսես Քեշիշյանը։
Լիլիթ Թադևոսյան