Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին մեղադրել է երկրի ներսում և դրսում գտնվող ուժերին «Վրաստանն ուկրաինացնելու» և «երկրորդ ճակատ բացելու» մեջ։
Նրա խոսքով՝ ուկրաինական պատերազմի հետևանքով ոչնչացել է ազգի գենոֆոնդը և փլուզվել տնտեսությունը։
«Ենթակառուցվածքը ավերված է, այսօր Ռուսաստանը 2,5 անգամ ավելի շատ տարածք է օկուպացնում, քան պատերազմի սկզբին էր։ Ուկրաինայում պատերազմի ֆոնին ծաղկում է կոռուպցիան, չեղարկվում են ընտրությունները, քաղաքական բազմակարծությունը, լրատվամիջոցների ազատությունը, այն ամենը, ինչ կապված է ժողովրդավարության ընդհանուր հայեցակարգի հետ։ Հավաքական «Ազգային շարժման» ներկայացուցիչները նախանձում են այս ամենին և ոչ միայն նախանձում են, նրանք ցանկանում են տեսնել այս ամենը Վրաստանում, ցանկանում են, որ Վրաստանը կիսի Ուկրաինայի ճակատագիրը, ինչը մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ»,- ասել է Կոբախիձեն։