Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցման մեջ ոչ մի ողբերգական բան չկա՝ միաժամանակ ընդգծելով, որ Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Իրականում ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է գործել:
Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից: Նա շարունակում է աշխատել»,- ասել է Պանկինը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» միջազգային տնտեսական ֆորումի նիստից հետո: Պանկինը նաև նշել է, որ ՀԱՊԿ-ն արդեն բախվել է իրավիճակների, երբ երկրները ուշացրել են իրենց վճարումները կամ մասերով են վճարել, և դա լուրջ խնդիրների չի հանգեցրել։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի հետագա ուղին կորոշվի թե՛ նրա ազգային շահերով, «որը նա պետք է լավ պատկերացնի և հասկանա», թե՛ սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություններով։