Ինչու է Պուտինը Շոյգուին փոխարինել Բելոուսովով. ISW
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է տնտեսության հարցերով իր նախկին օգնական Անդրեյ Բելոուսովին նշանակել պաշտպանության նախարարության ղեկավար՝ Ուկրաինայի դեմ երկարատև պատերազմի և ՆԱՏՕ-ի հետ հնարավոր առճակատման նախապատրաստվելու համար։ Այսպես են համարում Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները: Ինչպես նշում են փորձագետները, Բելոուսովը ռազմական փորձ չունի, բայց Սերգեյ Շոյգուն, որը ղեկավարում էր ՊՆ-ն 2012 թվականից, նույնպես բանակում չի ծառայել, ուստի դա անոմալ համարել չի կարելի։

Փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բելոուսովը գլխավորում էր Տնտեսական զարգացման նախարարությունը և մասնակցում էր տարբեր ինովացիոն նախագծերի կառավարմանը, այդ թվում՝ անօդաչուների մշակմանը։ Սա նրան նախապատրաստել է ղեկավարելու գերատեսչությունը, որը Շոյգուի օրոք բախվում էր կոռուպցիոն մեղադրանքների:

Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը կարող է օգտագործել Բելոուսովի փորձը ռազմական և տնտեսական քաղաքականությունը միավորելու համար: «Բելոուսովը արդյունավետ տեխնոկրատի մեծ համբավ ունի, և աղբյուրները պնդում են, որ նա նաև դրական հարաբերություններ ունի Պուտինի հետ»,- ավելացրել են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում: Ինչպես ասվում է հաշվետվության մեջ, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Շոյգուի փոխարինումը Պատրուշևին համապատասխանում է նաև անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներին հանդարտորեն դուրս մղելու Պուտինի ընդհանուր քաղաքականությանը՝ նրանց տալով ծայրամասային դերեր Ռուսաստանի անվտանգության ոլորտում՝ փոխարենն այն բանի, որպեսզի նրանց պարզապես հեռացնի: Նախկինում նա նաև դուրս էր մղել իր անհաջող գեներալներին՝ նրանց նշանակելով անվտանգության և պաշտպանության հետ կապված ծայրամասային պաշտոններում, դուրս ուղղակի ենթակայությունից, երբեմն թույլ տալով նրանց «փրկել իրենց մեղքը և վերադառնալ Պուտինի մոտ ծառայությանը»: