«Պետք է փոքր-ինչ «շունչ առնել», չշտապել. Կապերը խզելը հեշտ է». Ջաբարովը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում պետք է մի փոքր «շունչ առնել» և չշտապել խզել կապերը, և դժվար է պատկերացնել Հայաստանի ապագան ՌԴ-ի հետ միությունից դուրս։ Այս մասին Sputnik Արմենիա հարթակում Մոսկվա-Երևան-Մինսկ տեսակամուրջի ժամանակ ասել է սենատոր, երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։

Քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստանը հսկայական օգուտներ է ստանում Ռուսաստանի հետ համատեղ ինտեգրացիոն նախագծերին մասնակցելուց, նույն ԵԱՏՄ-ն էապես նպաստել է Հայաստանի տնտեսության ներկայիս բարձր աճին։ Եվ ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունները ստուգված են հարյուրամյակներով, ոչ ԵՄ-ն, ոչ Ֆրանսիան պատրաստ չեն Հայաստանին տրամադրել այն ամբողջ օգնությունը, որի կարիքը նա ունի։ Իսկ Բրյուսելում հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր անկեղծորեն մտածում են Հայաստանի մասին։

«Անկեղծ ասած, ինձ փոքր-ինչ զարմացնում է Ֆրանսիայի ներկայիս մեծ ուշադրությունը Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ է արել Ֆրանսիան իրականում: Գուցե դեսա՞նտ է իջեցրել Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու համար: Իհարկե, ոչ: Եվ ես չեմ կարծում, որ Ֆրանսիան կամ ԵՄ-ն կարող են օգնել Հայաստանին ավելի, քան Ռուսաստանը պատրաստ է և կարող է դա անել: Կարծում եմ՝ հիմա պետք է փոքր-ինչ «շունչ առնել», չշտապել: Կապերը խզելը հեշտ է»,- ասել է սենատորը: Նա նաև համոզված է, որ Երևանը ոչ մի դեպքում չպետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, քանի որ այդ դեպքում կարող է միայնակ մնալ տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական մրցակիցների հետ։