ԵԱՏՄ-ն ինչ-որ առումով խանգարում է ԵՄ-ն որպես շուկա դիտարկելուն. Արմեն Քթոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կքննարկեն Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Հանդիպման վերաբերյալ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։ Վերջինս նշեց, որ մեր տնտեսության առաջընթացի համար նախ ներդրումներ են պետք, և եթե մենք ելնում ենք այն իրողությունից, որ Արևմուտքը որոշակի շահագրգռվածություն է դրսևորում Հայաստանի դիմակայունության բարձրացման հարցում, դիմակայունությունն ունի նաև տնտեսական բաղադրիչ, շատ կարևոր տնտեսական բաղադրիչ, և եթե այդ բաղադրիչի մասով էլ աջակցություն ցուցաբերվի, դա կարևոր կլինի։

«Ամենատարբեր ոլորտներում Հայաստանն ունի ներդրումների կարիք, տեխնոլոգիաների կարիք, այսօր տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր կա, արտաքին շուկաներում մեր ապրանքների մրցունակության բարձրացման ու ավելի բարեհաջող կերպով դիրքավորման խնդիր կա։ Այսինքն՝ խնդիրների շրջանակն ավելի լայն է, եթե մենք դիտարկում ենք այն, թե արդյոք արտաքին աջակցությունը կարևոր դեր կարո՞ղ է խաղալ։ Հակառակ պարագայում մենք օտարերկրյա ներդրումների և մասնավորապես օտարերկրյա ուղղակի ներդրումների դերն այսքան չէինք կարևորի։ Եվ մեր նմանատիպ վիճակում նախկինում եղած տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ ներքին գործոնների հետ միասին զարգացման տեմպը բարձրացնելու համար անհրաժեշտ է նաև արտաքին աջակցություն»,- ասաց տնտեսագետը։ 

Արմեն Քթոյանը նշեց, որ թեև չգիտի ապրիլի 5-ի հանդիպման խորքային բովանդակությունը, համենայնդեպս Հայաստանը դրա կարիքն ունի, Հայաստանն այսօր ունի տնտեսության խորքային վերափոխման, տնտեսական գործունեության տրամաբանության փոփոխության, բիզնեսում ավելի նոր, ավելի առաջադեմ մշակույթ ներդնելու խնդիր, ունենք բավականին շատ խրոնիկական բնույթ ունեցող խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է տնտեսական զարգացման ամբողջ փիլիսոփայության, պարադիգմի փոփոխություն:  

Հարցին՝ ի՞նչ ոլորտներ կան, որով կարող ենք ԵՄ հետ հարաբերությունները խորացնել, որը նաև չի խանգարի Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին, տնտեսագետն ասաց, որ եթե քաղաքական կոմպոնենտը մի կողմ դնենք, մեր հարաբերությունների բնույթը այնպիսին է, որ եթե ԵԱՏՄ-ն դիտարկում ենք որպես հայաստանյան ապրանքների շուկա, ապա ԵԱՏՄ-ն ինչ-որ առումով խանգարում է ԵՄ-ն որպես շուկա դիտարկելուն:

«Կարող է պարադոքսալ հնչել, բայց ԵԱՏՄ-ն հեշտ շուկա է մեզ համար, հասկանալի, ծանոթ ու շահութաբեր, և խաղի կանոնները մերոնց համար արդեն ընդունելի են: ԵՄ շուկա մտնելը կամ ակտիվ դիրքավորվելը շատ ավելի մեծ ջանքեր, ներդրումներ է պահանջում, բիզնես մշակույթի, մոդելների փոփոխություն է պահանջում, ինչը, չնայած երկարաժամկետ հատվածում ավելի օգուտներ կարող է բերել, բայց այս պահին բավականին ծախսատար է, բարդ և նաև պետության կողմից լուրջ աջակցություն է ենթադրում։ Եթե այս տեսանկյունից նայենք, ԵԱՏՄ շուկայի հասանելիության առկայությունը նույն տնտեսվարողին ինչ-որ առումով զերծ է պահում ԵՄ շուկաներ մտնելուց։ Իսկ գլոբալ առումով, եթե քաղաքական կոմպոնենտը դուրս ենք պահում, խանգարելու հանգամանք այստեղ կարող է լինել այնքանով, որքանով միասնական մաքսային  տարածքի մասը լինելով՝  3-րդ երկրների հետ առևտրում որոշակի սահմանափակումներ է ենթադրում»,- ասաց տնտեսագետը։

Իսկ թե ԵՄ շուկա մտնելու դեպքում ինչպես են Հայաստանում տնտեսության ստանդարտիզացման խնդիրը լուծելու, տնտեսագետն ասաց, որ դրա անհրաժեշտության մասին խոսվում է, բայց համապարփակ, ակտիվ ռազմավարություն չկա, որովհետև դա ցավոտ որոշումներ է ենթադրում։

Լիլիթ Թադևոսյան