Բրյուսելում առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ նշել է, որ միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է:
Civic.am-ը Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում առկա հեռանկարների, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմակայնի կառուցման վերաբերյալ զրուցել է միջուկային անվտանգության փորձագետ Սուրեն Բզնունու հետ։
- Պարոն Բզնունի, միջուկային էներգետիկայի ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանում: Ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգվեց մինչև 2035 թվականը, նաև խոսվում էր ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև առհասարակ նոր ատոմակայան կառուցելու մասին։ Հիմա ո՞ր փուլում ենք գտնվում։
- Ատոմակայանը պատրաստվում է դիմել միջուկային անվտանգության կոմիտեին՝ իր հիմնավորումներով, որից հետո, երբ կոմիտեն կհավաստիանա, որ անվտանգությունը բավարար չափով ապահովված է, ատոմակայանը կաշխատի մինչև 2035 թվականը։ Նաև կառավարության կողմից կա հաստատված էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր, որով նախատեսվում է, որ Հայաստանում պետք է պարտադիր կառուցվի նոր ատոմակայան՝ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո։ Այսինքն՝ 2035-36 թվականին մենք Հայաստանում պետք է ունենանք նոր ատոմակայան։
- Խոսքը մոդուլայի՞ն ատոմակայանի մասին է։
- Տարբեր տարբերակներ են դիտարկվում՝ մոդուլային ռեակտորներ, մեծ ռեակտորներ։ Կա վարչապետին կից հատուկ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարբեր նախագծերի հետազոտությամբ, և հիմնվելով տեխնիկական և տնտեսական պարամետրերի վրա՝ վերջնական որոշում կկայացվի, թե ինչպիսի բլոկ պետք է կառուցվի՝ հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ չափերը, եղած պահանջարկը, ու թե ինչքան մատչելի այն կլինի ՀՀ բնակչության համար։
- Որոշ մասնագետներ նշում են, որ Հայաստանին ձեռնտու չէ մեծ բլոկ կառուցել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ատոմակայանը չի կարող կիսով չափ աշխատել կամ արտադրված էլեկտրաէներգիան կուտակել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ մեզ ավելի ձեռնտու է փոքր մոդուլային ատոմակայանի՞, թե՞ մեծ բլոկի կառուցում։
- Եթե մենք զարգանում ենք այն տնտեսական սցենարով, որ հիմա է, այսինքն՝ էներգետիկ տեսանկյունից թույլ կապվածություն ունենք տարածաշրջանի երկրների հետ, ապա իրապես մեծ ռեակտորները խնդրահարույց են, բայց եթե կարողանանք ընդլայնվել և կարողանանք էներգետիկ մեծ փոխհոսքեր ապահովել հարևան երկրների հետ՝ կարելի է մտածել մեծ ռեակտորի մասին։ Բայց, բոլոր դեպքերում, պետք է ելնել իրականությունից, որն ունենք, այլ ոչ առաջնորդվել ցանկություններով կամ կենացներով։ Ողջամիտ է կառուցել ռեակտոր, որը թույլ կտա այդ հզորությունը աստիճանաբար բարձրացնել։ Այսինքն՝ կառուցել, օրինակ, 300 մեգավատտ հզորությամբ, հետո էլի 300, էլի 300 և այլն։ Այսինքն՝ կարծում եմ, պետք է մոդուլային տարբերակով գնալ։ Բայց, նորից եմ կրկնում, սա վերլուծության առարկա է, և երևի թե մեկ տարվա ընթացքում փորձագիտական խումբը վերջնական որոշում կկայացնի։
- Քննարկվում էր ամերիկյան տարբերակը։ Սա ինչքանո՞վ է ռեալ՝ հաշվի առնելով նաև ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։
- Ամերիկյան կողմը ունի մի քանի տարբեր մոդուլային ռեակտորների առաջարկ։ Կա նաև կորեացիների կողմից առաջարկ։ Ֆրանսիացիներն են նման ռեակտորներ նախագծում։ Այսինքն՝ առաջարկները բազմաթիվ են, և դրանց վերաբերյալ հիմա մանրակրկիտ վերլուծություն է իրականացվում, որովհետև այդ նախագծերը բոլորը տարբեր հասունության աստիճանի են։ Փորձագիտական խումբը աշխատում է, որպեսզի հասկանա, թե այս տարբերակներից որն է ավելի նախընտրելի Հայաստանի համար։
- Պարոն Բզնունի, քանի՞ տարի է տևում այդպիսի բլոկի կառուցման աշխատանքները։
- Մեծ բլոկները՝ 10-15 տարի, մոդուլային ռեակտորները նախատեսվում է կառուցել մինչև 6 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով, որ հիմնական մասերը կառուցվում են գործարանում։
- Կարո՞ղ ենք վստահություն ունենալ, որ 2035-ին կունենանք կառուցված նոր ատոմակայան։
- Որպեսզի այդպիսի վստահություն ունենանք, պետք է ամենաուշը երկու տարվա ընթացքում արդեն որոշում ունենանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում, որպեսզի նաև երկիրը պատրաստվի դրան. դա հսկայական մեգապրոյեկտ է։
- Պարոն Բզնունի, ուրանը մենք ստանում ենք Ռուսաստանից։ Եթե որոշենք, օրինակ, կորեական կամ ամերիկյան մոդուլային բլոկ կառուցել, հետո քաղաքական խնդիրներ չե՞նք ունենա։ Վառելիքի խնդիր չի՞ առաջանա։
- Ամերիկյան կողմը ևս իր նախագծով կառուցված ռեակտորների համար մատակարարում է վառելիք։ Այստեղ ոչ մեկը մոնոպոլիա չունի։ Եթե կառուցվում է ֆրանսիական ռեակտոր, մատակարարվում է ֆրանսիական վառելիք, եթե ռուսական է՝ վառելիքը ռուսական է, ամերիկյան է՝ ամերիկյան, և այլն։ Այսինքն՝ այստեղ հարցը հետևյալն է՝ Հայաստանը պետք է ընտրի հնարավոր տարբերակներից ամենաանվտանգ և տնտեսապես շահավետ նախագիծը։
- Պարոն Բզնունի, Ադրբեջանը բազմիցս բողոքներ է ներկայացրել Հայաստանի ատոմակայանի անվտանգության հետ կապված։ Երեկ էլ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները Հայաստանի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին։ Նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։ Այս բողոքները որքանո՞վ են հիմնավորված և ի՞նչ հետևանք կարող են ունենալ։
- Ատոմակայանի անվտանգ շահագործումը բացառապես կախված է մեզնից։ Եթե մենք շարունակենք այն քաղաքականությունը, որը մինչ օրս իրականացվում է, այսինքն՝ ատոմակայանում իրականացնում ենք անվտանգության բարձրացման շարունակական միջոցառումներ, այդ դեպքում մենք որևէ խնդիր չունենք։ Այս հարցին անցած տարի պատասխանել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն պարոն Գրոսսին. նա ասել է, որ մենք բացարձակապես անվտանգության տեսանկյունից խնդիր չենք տեսնում հայկական ԱԷԿ-ում։ Ավելին՝ ասել է, որ եթե խնդիրներ տեսած լինեին, առաջինը իրենք կբարձրացնեին Հայաստանի կառավարության առջև և կպահանջեին, որ այդ խնդիրները լուծվեին։ Միջուկային անվտանգության ոլորտը գտնվում է ոչ միայն Հայաստանի ազգային կարգավորող մարմնի միջուկային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո, այլև՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Եվրամիության և Միացյալ Նահանգների։ Այսինքն՝ այս ոլորտում մենք աշխատում ենք բացարձակ թափանցիկ։ Բազմաթիվ առաքելություններ են գալիս, և իրենք հետևում են, թե մենք անվտանգության բարձրացման ինչպիսի միջոցառումներ ենք իրականացնում, և բոլորը նշում են, որ հայկական ԱԷԿ-ի անվտանգության խնդիր մենք չունենք։ Բայց, անշուշտ, մենք պետք է իրականացնենք անվտանգության բարձրացման շարունակական միջոցառումներ, քանի որ այն կառուցվել է 1978-ին՝ հետևաբար մենք պետք է անվտանգությունը անընդհատ բարձրացնենք։ Բայց եղած անվտանգության մակարդակը բավարար է և համապատասխանում է ոլորտի միջազգային պահանջներին, որոնք ներկայացվում են տվյալ տարիքի միջուկային ռեակտորների համար։
- Եվ պարոն Բզնունի, վարչապետը նաև նշել է, որ ի թիվս այլ կարևոր բաների՝ Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, համաձա՞յն եք այս տեսակետի հետ։
- Պարոն Փաշինյանի հայտարարությունը ես չմեկնաբանեմ, բայց ասեմ իմ կարծիքը։ Իրոք, Հայաստանի ատոմակայանը հանդիսանում է Հայաստանի էներգետիկայի ողնաշարը։ Դրանով այն թույլ է տալիս ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Օրինակ՝ եթե մենք օգտագործում ենք գազ կամ այլ օրգանական ռեսուրս, հայտնվում ենք կախվածության մեջ ոչ միայն արտադրող երկրից, այլև տրանզիտ երկրներից։ Իսկ միջուկային ատոմակայանի պարագայում մենք ընդամենը ինքնաթիռով բերում ենք միջուկային վառելիքը, ընդ որում՝ կարող ենք բերել ինչքան ուզենք, օրինակ՝ 5 տարով ամբողջությամբ Հայաստանի էներգետիկ պահանջարկի, օրինակ, 50 տոկոսը փակել ատոմակայանով։ Դրանով է պայմանավորված, որ մեր թշնամի երկրի ղեկավարը բոլոր տեղերում արհեստական խնդիր է բարձրացնում՝ փակել ատոմակայանը, որովհետև հասկանում է, որ ատոմակայանը իսկապես հանդիսանում է Հայաստանի էներգետիկ անկախության, դրանով իսկ ազգային անվտանգության կարևոր հենասյուներից մեկը։
Վովա Հակոբյան