«Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը». ստորագրում եմ վարչապետի այդ դրույթի տակ
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ Բրյուսելում մեկնարկել է առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ելույթի և Հայաստանում միջուկային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։

Նա նշեց, որ տեղի է ունենում եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովը, այնուհետև կմիանան Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Մոնակոյի գործընկերները, և տեղի կունենա ներդրումային մեծ կոնֆերանս և հետո միջուկային գագաթնաժողով։

«Ընդ որում, Եվրոպան երբևէ այդպիսի գագաթնաժողով չի անցկացրել։ Գագաթնաժողովի նպատակը երկուսն է. առաջինը՝ ներկայացնել «Ատոմֆորնեթսզերո» նախաձեռնությունը, խոսքը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ատոմակայանների դերակատարման մասին է՝ այդ խնդրում։ Եվ երկրորդ խնդիրը՝ ներկայացվելու է մոդուլային փոքր ատոմակայանների հզորության կոնցեպտը։ Երկուսն էլ վերին աստիճանի քաղաքականացված խնդիրներ են և լուծում են զուտ աշխարհաքաղաքական խնդիրներ, այլ ոչ թե էներգետիկ խնդիրներ՝ հիմնական նպատակ ունենալով սահմանափակել Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ծավալվող ատոմային ծրագրերը»,- ասաց Արա Մարջանյանը։

Նա նշեց, որ վարչապետի մասնակցությունը դրական է, տեղյակ կլինի գործընթացների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանում ատոմային կայանի հեռանկարին, ապա գոյություն ունի ՀՀ ռազմավարական  փաստաթուղթ էներգետիկայի վերաբերյալ, որն ասում է, որ Հայաստանը պետք է անընդհատ ունենա ատոմային գեներացիա, այսինքն՝ անընդհատ աշխատող ատոմային բլոկ։ 
«Մենք արդեն գտնվում ենք վտանգված տիրույթում, ամենայն հավանականությամբ, եթե գործերը գնան այնպես, ինչպես գնում են, 2036 թվականից հետո մենք այլևս աշխատող ատոմային բլոկ չենք ունենա։ Ինչո՞ւ, որովհետև նոր բլոկի ընտրությունը, տեխնոլոգիական հարաչափերի ընտրությունը, կոնստրուկտորական և պլանավորման աշխատանքները դեռ չեն սկսվել, անգամ Հայաստանը չի կողմնորոշվել, թե ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության ատոմային բլոկ է իրեն անհրաժեշտ։ Այնպես որ, կարծում եմ՝ հեռանկարները վտանգված են»,- ասաց Արա Մարջանյանը։       
 
Խոսելով նաև ամերիկյան մոդուլային կայանների մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ  այդ մասին խոսում է ԱՄՆ Պետդեպը, այսինքն՝ ԱԳՆ-ն, իսկ ԱԳՆ-ն ատոմային կայան կառուցող կամ նախագծող կազմակերպություն չէ։ Նա նշեց, որ ԱՄՆ-ը հետևողականորեն առաջ է տանում մոդուլային կայանների թեզը՝ առաջին հերթին խեղդելու կամ սանձելու «Ռոսատոմ»-ի ռուսական ատոմային տեխնոլոգիաների տարածումը ողջ աշխարհում։ 

«Հավանաբար գիտեք, որ Ռուսաստանն այս պահին Հնդկաստանում, Բանգլադեշում, Չինաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում և Իրանում կառուցում է խոշոր ատոմային կայաններ։ Եվ ահա այդ ծրագրերի սահմանափակման համար նախաձեռնվել է աշխարհաքաղաքական բնույթ ունեցող այդ կամպանիան ԱՄՆ Պետդեպի կողմից։ Զուտ ինժեներական տեսանկյունից մոդուլային կայանները նորություն չեն, մոդուլային ատոմային ռեակտորները տասնամյակներ ի վեր օգտագործվում են ատոմային սուզանավերում, ատոմային ավիակիրներում, սառցահատներում, օգտագործվում են տարբեր, շատ յուրահատուկ տիպի օգտագործման համար։ Այս պահից գոյություն ունի էներգետիկ նպատակով ցամաքում աշխատող միայն երկու մոդուլային կայան, մեկը՝ Ռուսաստանում, մեկը՝ Չինաստանում։ Էդպես խոսել ամերիկյան մոդուլային կայանների համար առնվազն վաղաժամ է և հիմնազուրկ»,- նշեց Արա Մարջանյանը։

Հարցին, թե ինքն ինչ դիրքորոշում ունի վարչապետի ելույթներում հնչեցրած այն մտքի հետ, թե Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը, մեր զրուցակիցն ասաց, որ հարյուր տոկոս համաձայն է վարչապետի այդ դրույթի հետ և ստորագրում է դրա տակ։

«Ավելին՝ վարչապետը երկու կարևոր բան էլ ընդգծեց, երբ որոշում կայացրեց նախ ամրապնդել ոլորտում կադրերի պատրաստմանն ուղղված մի քանի միջոցառում։ Օրինակ՝ ուսանողների պատրաստման բարելավմանն ուղղված, ատոմային վերահսկողության կոմիտեի պրոֆեսիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված. բոլոր այդ նախաձեռնությունները, ներառյալ ցիտված բառերը, միանգամայն դրական և կարևոր քայլեր են»,- հավելեց Արա Մարջանյանը։
 
Լիլիթ Թադևոսյան