Հյուսիսային Կորեա, Ուզբեկստան, Տաջիկստան... Որ երկրների ղեկավարներն են շնորհավորել Պուտինին «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահի պաշտոնում հինգերորդ ժամկետում վերընտրվելու կապակցությամբ։
Այսպես, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինին շնորհավորական հեռագիր է ուղարկել, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային լրատվական գործակալությունը։ Հեռագիրը ՌԴ ԱԳՆ-ին կհանձնի ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Շին Հոն Չհորը, ասվում է հաղորդագրության մեջ։ Շնորհավորանքի տեքստը չի մեջբերվում։
Պուտինին «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ շնորհավորել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Շնորհավորական հեռագրում, որը Պուտինին ուղարկել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ասվում է, որ քվեարկության արդյունքները «հերթական հստակ հաստատումն են բարձր քաղաքական հեղինակության և պետական կուրսի նկատմամբ ռուսական հասարակության լայն աջակցության՝ ապահովելու երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը և ամրապնդելու նրա միջազգային դիրքերը»։
Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգան նույնպես շնորհավորանքներ է հղել Պուտինին՝ անվանելով նրան «թանկարժեք ընկեր, եղբայր և վերընտրված նախագահ» և հայտարարելով, որ ընտրություններում նրա հաղթանակը գնահատում է որպես «մարդկության համար անհրաժեշտ կայունության ներդրում»։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորական գրառում է կատարել X սոցցանցում՝ մասնավորապես գրելով. «Գրկում ենք ողջ ռուս ժողովրդին և «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը»։