«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերն այլընտրանք չունի, այդ դերակատարումը շատ մեծ է, այդ դերակատարումը բացառիկ է, և առաջինը հենց ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի դերակատարումն է»,- այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինի խոսքով՝ հենց Ռուսաստանի և նրա ղեկավարի միջնորդական ջանքերի արդյունքում դադարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները՝ և՛ 2020 թվականի նոյեմբերին, և՛ 2023 թվականի սեպտեմբերին:
Գալուզինը նաև նշել է, որ հենց ՌԴ-ի հովանու ներքո է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի պլատֆորմ։
«Մոսկվայի խնդիրն է օգնել մեր երկու երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հասնելու կայուն հաշտեցման և խաղաղ գործակցության, օգնելու, որպեսզի Անդրկովկասում ստեղծվի իրական փոխհամաձայնության, վստահության և համագործակցության մթնոլորտ, որպեսզի իրավիճակն այդ տարածաշրջանում լինի կայուն և խաղաղ»,- ասել է Գալուզինը։