ԱՊՀ-ից հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի փաստաթղթերի հարցերով փոխգործակցության համաձայնագիրն ընդունվեց ԱԺ հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Հիմնական զեկուցող Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ խոսքն այստեղ վերաբերում է հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցությանը, և դա գրեթե նույնաբովանդակ հարց է, ինչպես ԵՄ-ի դեպքում։  
«Նշեմ, որ այս պահի դրությամբ համաձայնագիրը, թեև բանակցություններին մասնակցել են ԱՊՀ անդամ մյուս պետությունները, այդ թվում վերջին փուլում՝ նաև Տաջիկստանը, կիրառում են ՌԴ-ն և Բելառուսի Հանրապետությունը, և Հայաստանի Հանրապետությունն արդեն կլինի երրորդը, որը կվավերացնի այս համաձայնագիրը՝ նաև մոտիվացնելով մնացյալ անդամ պետություններին, որպեսզի միասնական քաղաքականությունը այս ուղղությամբ ևս վարվի ԱՊՀ տարածաշրջանում։ Մենք առանձին համաձայնագրեր ևս ԱՊՀ-ի կտրվածքով իհարկե որոշ պետությունների հետ ունեցել ենք, ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրների շրջանակը նկատի ունեմ։ Հիմնական հայցերը ստացել ենք ՌԴ-ից, բայց վերահաստատելով մեր մոտեցումը՝ ընդհանուր միասնական պրակտիկա ունենալու համար և պետությունների հետ անհատական մակարդակում անհատական քննարկումներ չապահովելու համար ԱՊՀ երկրների դեպքում ևս կողմ ենք մեկ միասնական փաստաթղթղի հաստատմանը»,- ասաց նախարարի տեղակալը։
Վերջինս նշեց, որ երկու երկրները դեռևս ժամանակավոր կիրառման պրոցեսով են հանդես գալիս, քանի որ իրենց օրենսդրությունը թույլ է տալիս համաձայնագիրը ժամանակավորապես կիրառել իրենց պետության տարածքներում, քանի որ ՀՀ-ն միջազգային պայմանագրային դաշտի շրջանակներում չունի համաձայնագրի ժամանակավոր կիրառման կանոն, այս դեպքում մենք գնում ենք վավերացման ճանապարհով։
Նշենք, որ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հարկադիր վտարման ենթակա անձանց վերադարձի վկայականներով փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության (վերապահումով), Բելառուսի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից: 2023թ. օգոստոսի 15-ի դրությամբ Համաձայնագիրն ուժի մեջ չի մտել: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը կատարվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, Բելառուսի Հանրապետության համար ժամանակավորապես կիրառվում է 2023թ. հուլիսի 8-ից:
 
Մանրամասները՝ տեսանյութում