ՀՀ գլխավոր դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական հայցապահանջն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։ Պատասխանողներն են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, վերջինիս տիկինը՝ Ռոզա Կարապետյանը, որդիները՝ Հենրիխ և Դավիթ Կարապետյանները, ու ևս մեկ անձ՝ Ռուբեն Սահակյանը։ Նշենք, որ Ռուբեն Սահակյանը «Էլկոմպ» ՍՊԸ-ի իրական շահառուներից է։ Այս ընկերությունում շահառու է նաև (33, 34 տոկոս) Ռոզա Կարապետյանը, ինչպես նաև Վլադիմիր Ժադանը (ՌԴ)։ FIP-ը ժամանակին հետաքննություն էր իրականացրել Կարապետյաններին պատկանող գույքի վերաբերյալ և բացահայտել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ բիզնես գործունեությունը։
Հարկ է նկատել, որ Արշակ Կարապետյանը
տևական ժամանակ է՝ հաստատվել է ՌԴ-ում։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու ծվարած
սույն գործիչը ՀՀ-ում կուսակցություն է բացել ու պարբերաբար հանդես է գալիս «հայրենիքի
փրկության» մասին հրովարտակներով։ Նրա ղեկավարած
«Համահայկական ճակատ»-ն ընդհուպ նախորդ տարի մասնակցեց Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին
և, ուշադրություն, 295
քվե ստացավ՝ ջախջախիչ պարտություն կրելով։