Եկեղեցականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ․ սա է պետք հստակ արձանագրել նոր Սահմանադրության մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 23-ին արդարադատության նախարարությունը հրապարակեց ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը, որում տեղ է գտել նաև եկեղեցուն վերաբերող հոդվածի փոփոխություն։


Մասնավորապես, նախագծի հոդված 15-ում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Հոդվածի երկրորդ կետում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով: Գործող Սահմանադրության մեջ մեջ գրված է, որ հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:


Փոփոխության վերաբերյալ հայտնելով իր կարծիքը՝ Իսպանիայի Մալագա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Արմեն քահանա Մելքոնյանն ասաց, որ եկեղեցու վերաբերյալ փոփոխության մեջ անհստակություն կա, թեկուզև մեկ բառի փոփոխություն կա, բայց գրված չէ, թե ինչպես է կարգավորվում։


«Օրենքն ի՞նչ է ասում այդ մասին։ Օրինակ՝ օրենքը թույլ տալի՞ս է, որ հոգևորականը միջամուխ լինի քաղաքականությանը կամ թեկնածություն դնի, որպեսզի ԱԺ անդամ լինի, կամ ենթադրենք՝ վարչապետ լինի կամ ոչ։ Եվ հետո, օրենքն ասո՞ւմ է որ եկեղեցին պետք է հաշվետվություն տա պետական մարմիններին կամ բաց ֆինանսական հաշվետվություն պետք է տա։ Ոչ։ Այսինքն՝ քանի որ այսօր այս Սահմանադրությունը դրված է քվեարկության, պետք է ավելի նուրբ վերաբերվել այս հատվածի հետ, և պետք է հստակ սահմանումներ լինեն, թե եկեղեցին ինչ կարող է անել և ինչ չի կարող անել, որպեսզի առաջիկայում մենք միևնույն խնդրի առաջ չկանգնենք»,- ասաց տեր Արմենը։    


Մեր զրուցակիցն առաջարկում է՝ պետք է հստակ սահմանում լինի առ այն, որ եկեղեցին պետությունից անկախ մարմին է, բայց եկեղեցին հաշվետու է պետությանը՝ իր ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև պետք է ավելացնել, որ եկեղեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, ինչպես նաև որևէ հոգևորական չպետք է իրավունք ունենա պատգամավորի, ավագանու կամ վարչապետի թեկնածու առաջադրվելու։   


Քահանան կարծում է, որ ներկայիս առաջարկվող փոփոխությունը չի կարող եկեղեցում առաջացած խնդիրները լուծել, որովհետև այս մի բառի փոփոխությունը շատ բան չի տալու։


 «Եթե այս օրենքն ընդունվի՝ ինչպես ես ասում եմ, և եթե Կտրիճն իրեն թույլ տա միջամուխ լինել քաղաքականության մեջ, այն ժամանակ օրենքի հստակ սահմանում կլինի, և ինքը որոշ պատիժների կենթարկվի, որպեսզի իրեն թույլ չտան։ Իսկ եթե կրկնվի, պետությունը նրան կարող է հեռացնել, եթե ամեն ինչը կարգավորվում է օրենքով։ Եվ ես կուզենայի, որ այս Սահմանադրության մեջ հստակ սահմանումներ լինեին, որ եթե հոգևորականը կամ կաթողիկոսը խախտի իր ուխտը և դավաճանի իր ազգությունը, իր հայրենիքը, ինչպես որ այս պարագայում է հիմա, ինքը անմիջապես, որպես «պերսոնա նոն գրատա», դուրս դրվի երկրից, և այդ աթոռից իրեն զրկեն»,- նշեց տեր Արմենը։


Ի հավելումն նա ասաց, որ եթե այսօր մենք նայենք մեր բոլոր աթոռների իրավիճակին, միևնույն քաոսն է տիրում, օրինակ՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը ենթարկվում է Դաշնակցությանը, Պոլսո պատրիարքությունը ենթարկվում է թուրքական իշխանությանը, Երուսաղեմի պատրիարքությունը եննթարկվում է Իսրայելին, իսկ ինչու մեր հայրենիքի մեջ Ամենայն  հայոց կաթողիկոսը պիտի չենթարկվի տեղի իշխանությանը և տեղի կարգին։

  

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան