Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության բաժնետեր է։
Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային փաթեթների վաճառքով։
Իշխան Սաղաթելյանին է պատկանում «Մեգա Տուր»-ի 40% բաժնեմասը։ Մյուս 35%-ի բաժնետերը Սամվել Էվոյանն է, իսկ 25%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Սամվել Մկրտչյանին։
Ընկերությունը գրանցվել է 2010-ին։ Վերջին տարիներին այն, կարծես, ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ հարկային մուտքեր չկան, բայևայնպես շարունակում է գործել, լուծարման կամ ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն արտացոլվածչեն նրա գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերում։ Մեր հարցմանը, թե ինչու չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերության բաժնեմասը, Իշխան Սաղաթելյանը պատասխանել է, որ դեռ 2016-ին ընկերության տնօրենին առաջարկել է դադարեցնել ընկերության գործունեությունը։ Ըստ հարցման պատասխանի՝ պատգամավորը ընկերության տնօրենից ստացել է հավաստիացում, որ ակտիվ գործուեության դադարեցման պարագայում ընկերությունն այլևս չի գործում։ Թեև ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնումանայնիվ այն չի դադարեցրել գործունեությունը, չի լուծարվել։ Իշխան Սաղաթելյանը նաև հավաստիացրել է, թե 2010-ին գրանցված ընկերությունից երբևէ եկամուտ չի ստացել։ Չնայած ընկերությունն ակտիվ գործունեություն չի ծավալում, այնուամենայնիվ, պատգամավորները, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի, պարտավոր են հայտարարագրել առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրենց ունեցած բաժնեմասերը, և եթե հանձնել են հավատարմագրային ծառայության, ապա հայտարարագրում նշել դրա մասին։