Նոր Սահմանադրության տեքստի շուրջ շահարկումները, ինչպես հայտնի է, հիմնականում ծավալվում են այն հանգամանքի շուրջ, թե «Բաքվի պատվերով գրված»՝ «ալիևյան սահմանադրության» նախաբանից հանվելու է Անկախության հռչակագրին հղումը, որտեղ, ի թիվս այլ դրույթների, հիշատակվում է նաև Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին համապատասխան որոշմանը։ Հետևապես, ըստ ընդդիմադիրների, նման՝ ալիևյան ոտնձգությունը ՀՀ Սահմանադրության նախաբանի հանդեպ ոտնձգություն է նաև ՀՀ ներքին գործերին՝ անկախությանն ու ինքնիշխանությանը, զազրելի փորձ՝ վերացնելու մեր պետության «ծննդյան վկայականը»։ Եվ ուրեմն՝ ոտքի, հայ ժողովուրդ, և ի գործ՝ «ոչ» ասելու «ալիևա-փաշինյանական ավանտյուրային»։
Առաջին հայացքից լեգիտիմ առարկություն է, ինչ
խոսք։ Բայց միայն առաջին հայացքից։ Իրականում Սահմանադրության նախաբանում
Հռչակագրին արված հղման դուրսբերումը բնավ չի նշանակում, որ այսպիսով ՀՀ «ծննդյան
վկայականը» առ ոչինչ է համարվում, ինչպես ընդդիմությունն է պնդում՝ վերացվում է։
Այդ պատմական փաստաթուղթը շարունակում է մնալ և լինել, ապրել իր, այսպես
ասած, «ինքնուրույն կյանքով», և ոչ ոք ի
զորու չէ չեղարկելու, վերացնելու մի բան, որը պատմության սեփականությունն է։
Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու
մեջ ոչ մի ողբերգություն չտեսնողներն էլ, ի դեպ, արդարացիորեն հարց են
բարձրացնում՝ ի՞նչ է տվել մեզ այդ հղումը մինչև այժմ, մասնավորապես Հռչակագրի կարևորագույն
նպատակադրումներից մեկը՝ Հայաստանի և
Լեռնային Ղարաբաղի վերամիավորում։ Ի դեպ, Հռչակագրի ընդունումից հետո երեք անգամ
Սահմանադրություն է ընդունվել, և բոլոր երեքում էլ հիշատակում կա ՀՀ «անկախության
հայրերի» ու հայ ժողովրդի իղձերից ու պատգամներից մեկին, ինչպես ասացինք՝ ՀՀ ու ԼՂ միավորմանը։ Եվ ի՞նչ։ Եվ
մինչ Անկախության հռչակագիրն իր կյանքով էր ապրում, ՀՀ-ում ու ԼՂ-ում էլ Սահմանադրություններ էին ընդունվում ու
փոփոխվում, զուգահեռաբար տեղի էին
ունենում «ԼՂ կոնֆլիկտի» շուրջ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո,
բանակցային սեղանին էլ ոչ թե ՀՀ-ԼՂ անվերապահ միավորման հարցն էր, այլ ԼՂ-ի անորոշ
կարգավիճակը, որը պետք է որոշակիացվեր անորոշ ապագայում, ռեֆերենդումի միջոցով՝ անկա՞խ, Ադրբեջանի կազմո՞ւմ,
թե՞ ՀՀ-ի։ Սյուր է, չէ՞։ Հարց՝ բա սա ոտնձգություն չէ՞ր մեր համազգային իղձ ու տենչի նկատմամբ։
Արդ, դառնանք բուն՝ շահարկումների թիրախ դարձած փաստաթղթին՝Հ ռչակագրին, որն իր հերթին ունի նախաբան, ու դրանում հղում է արվում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմանը, որը բաղկացած է 6 կետից։ Մասնավորապես.
«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային
սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու
հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և
Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
1․ Հայկական
ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման
փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի
12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989
թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի
որոշումներում: ..․.
3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում
են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության
վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
Ուշագրավ է նաև փաստաթղթի 6-րդ կետը․ «Հայկական ԽՍՀ Գերագույն
խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի
նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները`
իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային
կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում»:
Նշենք մի կարևոր հանգամանք ևս՝ 1989-ի դեկտեմբերի 6-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական
Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր «ստեղծել Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային
Ղարաբաղի վերամիավորման որոշումը կենսագործող հանձնաժողով»։ Ուշագրավ է հանձնաժողովի
կազմը, որի նախագահն էր Հայկական ԽՍՀ
Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ - Հայկական ԽՍՀ պետագրոարդի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը։ Եվ ուրեմն, այդ հանձնաժողովի
կազմում էին այսօր «ընդդեմ ալիևյան Սահմանադրության» փողոցային իրազեկում սկսած քաղուժերից
որոշների ղեկավարները։ Մասնավորապես «Հայաստան»
խորհրդարանական դաշինքի փաստացի ղեկավար Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը, այդ օրերին՝ «Ղարաբաղի
մետաքսի կոմբինատի կուսակցական կոմիտեի քարտուղար, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի
նախագահության անդամ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ։ Հայ Ազգային Կոնգրեսի
ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ օրվա դրությամբ Մատենադարանի ավագ գիտական աշխատող, Հայկական ԽՍՀ Գերագույն
խորհրդի դեպուտատ, «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։
Հանձնաժողովի կազմում էին նաև այժմ ԱԺՄ նախագահ Վազգեն
Մանուկյանը՝ այն ժամանակ ՀՀՇ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի
ֆակուլտետի դոցենտ։ ԼՂԻՄ-ից էլ
հանձնաժողովի կազմում էին Օլեգ Եսայանը, Սեդրակ Սեդրակյանը, Սպարտակ Թևոսյանը,
Լեոնարդ Պետրոսյանը և այլք։
Հիմա ակնկալում
ենք «հակաալիևյան պակտ» ստորագրած, անկախության համար կոկորդ պատռող ռազմահայրենասիրական
ընդդիմության հոդաբաշխ պատասխանը՝ ինչո՞ւ մինչև 2018 թվականը, մինչև թավշյա հեղափոխությունն
այդպես էլ չի իրագործվել Անկախության հռչակագրի այս կարևոր՝ հռչակագրային դրույթը։
Նախկին իշխանություններն
ինչո՞ւ են Սահմանադրության նախաբանում գրել, բայց այդպես էլ անկատար թողել մեր ազգային իղձն ու փափագը՝ «Հայկական ԽՍՀ-ի և
Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը, դրանում ամրագրված վերոհիշյալ 6
դրույթները։
Ո՞վ էր նրանց
ձեռքից բռնել, ո՞վ էր խանգարում, ո՞վ էր նրանց ոտքի տակը փորում՝ Ալիև՞ը, Թուրքիա՞ն, Ելցինն ու Պուտի՞նը, թե՞ ՔՊ-ն
ու Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես ասում
են՝ վարագույր։
Հեղինե Մանուկյան