Քվեարկել է «Հայաստան» դաշինքի օգտին, լուսանկարել, ուղարկել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։ Այնուհետև՝ քվեարկության հաջորդ օրը, լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։


Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։


Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: