Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ.Պ.-ն հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ հանգուցյալ Մ.Պ.-ի որդին, իր հերթին ձեռք է բերել և պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ կարգավիճակ, որից բխող ազդեցությունն օգտագործելով ներգրավվել է այլ անձանց միջև ծագած վեճերի լուծման գործընթացներում՝ հետապնդելով անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակ։
ՔԿ-ից նաև մանրամասնում են՝ պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին վերջինս, տեղեկանալով երկու անձանց միջև գումարային պարտավորությունների շուրջ առաջացած վիճաբանության մասին, իր մտերիմ Կ.Ղ.-ի միջնորդությամբ ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններով։
Այդ նպատակով նա հեռախոսային խոսակցություններ է ունեցել վիճաբանության մասնակիցների և այլ անձանց հետ, օգտագործել իր հեղինակությունն ու ազդեցությունը, ինչպես նաև հայտնել անհրաժեշտության դեպքում իր հետ մտերիմ բազմաթիվ անձանց ներգրավելու պատրաստակամության մասին։
ՔԿ փոխանցմամբ, նշված գործողությունների դիմաց Գ.Պ.-ն պահանջել է 3 հզր 500 ԱՄՆ դոլար, որը, ըստ նախաքննության տվյալների, ստացել է տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան նշված գումարի չափով էժան ձեռք բերելու եղանակով։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մեկ այլ դրվագով նույն անձը, տեղեկանալով քաղաքացու անձնական կյանքին վերաբերող հանգամանքների մասին, նրան ենթարկել է ծեծի, ապա այդ տեղեկություններն այլ անձանց չհայտնելու և հետագա խնդիրներից զերծ պահելու պատրվակով վերջինիս եղբորից պահանջել է 2 մլն ՀՀ դրամ։ Հետագայում պահանջված գումարը նվազեցվել է՝ հասնելով 2 հզր ԱՄՆ դոլարի:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խոշոր չափերով շորթումը), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։
Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: