Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1988 թվականին սկիզբ առած «ղարաբաղյան շարժումը» արդյունքում ոչ միայն չհամախմբեց,
այլ պառակտեց հայ ժողովրդին։ Այդ պառակտման
պատճառը դարձավ Սերժ Սարգսյանի և խորհրդային ԿԳԲ֊ի ջանքերով Երևանում ձևավորված այսպես
կոչված «ղարաբաղյան կլանը», որը 1997 թվականին Լևոն Տեր֊Պետրոսյանի
թողտվությամբ զավթեց սկզբից ՀՀ վարչապետի, իսկ հետո ՀՀ նախագահի պաշտոնները` 1999 թվականի
հոկտեմբերի 27֊ից հետո Հայաստանում հաստատելով
ագրեսիվ փոքրամասնությունների գերիշխանություն։ Ազգը բաժանվեց մի քանի հանցագործ
օլիգարխների` նորահայտ բդեշխների կողմից ղեկավարվող մաֆիոզ տարածաշրջանային խմբավորումների միջև։ Ստեղծվեցին
և Հայաստանով մեկ սեփական մաֆիոզ թալանչիական
ազդեցությունը տարածեցին այսպես կոչված «հայրենակցական միությունները»` արցախցիների, նիգապարանցիների, տաշիրցիների, ջավախքցիների և այլն։ Համաշխարային
պատմությունը չգիտեր այդպիսի մի ֆենոմեն, երբ ոչ թե սփյուռքում, այլ սեփական հայրենիքում
ապրող մարդիկ որոշեն ստեղծել «հայրենակցական
միություններ»։ Սա ոչ այլ ինչ էր,
քան ազգը մասնատելու, ծվատելու և արդյունքում պառակտելու ու թուլացնելու գիտակցված
գործողություն։
Ճակատագրի հեգնանքով
«ղարաբաղյան շարժումը» իր «Միացում» կարգախոսով ոչ միայն չնպաստեց հայ ժողովրդի միասնությանն ու հզորացմանը,
այլ «մեկ ազգ ֊ երկու պետություններ» կարգախոսի ներքո միավորեց մեր պատմական ախոյաններին`
Թուրքիային և Ադրբեջանին։ Եվ ոչ միայն Թուրքիային
և Ադրբեջանին, այլ բոլոր թյուրք ժողովուրդներին, որոնց ղեկավարները պատահական չէ որ
ներկա պայմաններում պարբերաբար հավաքվում են հենց Շուշիում, որպեսզի դրանով փաստորեն
տուրք մատուցեն իրենց համախմբմանը և իրենց սրտերում թյուրքական միասնականության ինքնագիտակցության
արթնացմանը նպաստած «ղարաբաղյան շարժմանը»։
Եվ իսկապես «մեկ ազգ ֊ արդեն մի քանի թյուրք պետություններ» կարգախոսը ղարաբաղյան «Միացում» կարգախոսի հայելային արտացոլումն
է։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ թյուրք ժողովուրդները պետք է շնորհակալ լինեն
«ղարաբաղյան շարժման» նախաձեռնողներին և պարագլուխներին, որովհետև այդ շարժումն իր
ծավալման ընթացքում վերածվեց իրենց համախմբման յուրահատուկ և անգնահատելի թրիգերի։