Լեմկինի անվան ինստիտուտը ԱՄՆ-ին կոչ է արել պաշտպանել հայերին Երուսաղեմում «Կովերի այգի» տարածքի շուրջ վեճում
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Միացյալ Նահանգներին և Իսրայելի այլ դաշնակիցներին կոչ է արել պարտավորություն ստանձնել հայ համայնքին երաշխավորելու պատշաճ իրավական աջակցություն Հայկական թաղամասի «Կովերի այգի» տարածքի շուրջ վեճում: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։

 Նոյեմբերի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը նամակ է հղել Xana Gardens Ltd ընկերությանը՝ չեղյալ համարելու 2021 թվականի հուլիսի 8-ի պայմանագիրը, ըստ որի՝ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնվել գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար։ Դրանից հետո իրավիճակը լարվել է, կողմերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

Ինստիտուտը խորապես մտահոգված է Երուսաղեմում հայկական թաղամասի ամբողջականության սպառնալիքով։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ընդգծվում է, որ այս տարվա աշնանը հայերն արդեն կորցրել են պատմական կարևոր հող՝ Լեռնային Ղարաբաղը, որի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստիպված է եղել լքել իր տները։

«Չնայած Երուսաղեմում հայ բնակչությունն այսօր փոքրաթիվ է, սակայն Հայկական թաղամասը շարունակում է մնալ սփյուռքի կարևոր մասը: Այն պահպանվածներից այսօր ապրող հնագույն հայկական սփյուռքն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինստիտուտն ընդգծել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանված լինի կառուցապատողներից։