«Երևանը կրկին փորձեր է ձեռնարկում իր ընդունած որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա»:
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Չնայած ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելուն և անդամավճարները չվճարելուն՝ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցությունից՝ գործընկերների համար պահպանելով կազմակերպության շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում։ Ավելին՝ կրկին ակնհայտ են ընդունված որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,- տրտնջացել է Պանկինը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից՝ մինչև կուտակված անդամավճարների պարտքի ամբողջական մարումը»։
Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի ակնկալիքները՝ նա ասել է, որ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը «կդառնա կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը»։
«Մեր պետությունների ղեկավարների հաստատմանը նախատեսվում է ներկայացնել փաստաթղթերի ծավալուն փաթեթ, որն ուղղված է կազմակերպության ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը՝ որպես տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի»,- նշել է Պանկինը։
Բացի այդ, նրա խոսքով, նիստի մասնակիցները նախատեսում են նաև «համաձայնեցնել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշել ՀԱՊԿ շրջանակում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները»։