Երևան–Աշտարակ ավտովթարից տուժած երեխաներից մեկին դուրս են գրել հիվանդանոցից, երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք:


Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է:


Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:


Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։


Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու: