«Գիտեք՝ հնարավոր չէ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ լինել միաժամանակ։ Եվ մենք գիտենք, և ես հրապարակավ այդ մասին ասել եմ, որ մենք հասկանում ենք, որ ապագայում ինչ-որ պահի Հայաստանը կարիք կունենա ընտրություն կատարել, բայց մինչ այդ մենք պետք է այլընտրանքներ ստեղծենք, իրական քաղաքական հարց ուղղենք մեր ժողովրդին»։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում, պատասխանելով Euronews-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ արդյոք իրենք ցանկանում են մնալ Եվրասիական տնտեսական միության մե՞ջ, թե՞ ուզում են Եվրոպական միությանն անդամակցել։ Այսինքն՝ մենք ստեղծում ենք այլընտրանք, որպեսզի հնարավորություն ստեղծենք մեր ժողովրդի համար, և՛ մարդիկ, և՛ ժողովուրդն ընտրություն կատարելու հնարավորություն ունենան։ Եվ դա հերթական վկայությունն է հենց նոր ասածիս, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և մենք ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն ունենա հնարավորություն կատարելու ընտրություն, կատարելու ժողովրդավարական ընտրություն»,– նշել է վարչապետը։