«Ես չեմ կարծում, թե դա կառուցողական ձևակերպում է. Հայաստանը չի պատրաստվում այլ բան դառնալ։ Հայաստանը Հայաստան է, և Հայաստանը ավելի ու ավելի ու ավելի է լինելու Հայաստան, լինելու է Հայաստանի Հանրապետություն»։ Այդ մասին Euronews-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ-ի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի հայտարարությանը։
«Ես նկատի ունեմ անկախության մակարդակը. մեր նպատակն է ամրապնդել, զարգացնել մեր անկախությունը, և դա իրավաչափ, լեգիտիմ նպատակ է։ Ոչ ոք չի կարող Հայաստանին մեղադրել նրա համար, որ Հայաստանն ունի հավակնություն, ձգտում՝ լինելու ավելի անկախ, լինելու ավելի ինքնիշխան, լինելու ավելի ինտեգրված պետություն, և, ի միջի այլոց, շատ կարևոր նրբություն կա, որ կուզեի ձեզ ներկայացնել։
Մեր քաղաքականության մեջ, երբ մենք խորացնում ենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ, շատ կարևոր է, որ այս քաղաքականության արդյունքում մեր տարածաշրջանից չկտրվենք, քանի որ հիմա տարածաշրջանային քաղաքականությունը մեր երկրի առաջնահերթություններից մեկն է։ Քանի որ մեր անկախության ընթացքում ունեցանք հակամարտություն Ադրբեջանի հետ, ունեցանք կամ ունենք բարդ հարաբերություններ կամ հարաբերությունների բացակայություն Թուրքիայի հետ։ Իհարկե, միշտ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Վրաստանի հետ, Իրանի հետ։ Սակայն եղել և մնում են որոշ սահմանափակումներ՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ և այլն, բայց, գիտեք, մենք Հայաստանը չենք տեսնում մեր տարածաշրջանից դուրս, որովհետև մեր եվրոպական քաղաքականությունը մեզ համար գործիք կամ միջոց չէ կտրվելու կա՛մ քաղաքականապես, կա՛մ հոգեբանորեն, կա՛մ տնտեսապես առանձնանալու մեր տարածաշրջանից։
Հակառակը, և, իհարկե, մենք շատ ուրախ ենք, ու մի շատ կարևոր նրբություն կա, որ երբեմն մենք չենք տեսնում. մեր չորս հարևաններից երկուսը Եվրոպական միության թեկնածու պետություններ են՝ Թուրքիան և Վրաստանը։ Եվ դա առավելություն է, օգուտ է մեր եվրոպական քաղաքականության համար։
Հուսանք՝ Հայաստանը կլինի երրորդ թեկնածու պետությունը մեր տարածաշրջանում։ Բայց, իհարկե, մեր նպատակը թեկնածու լինելը չէ, բնականաբար, լիարժեք անդամ լինելն է»,- ասաց վարչապետը։