Իշխանափոխություն անելու և Նիկոլ
Փաշինյանի փոխարեն վարչապետ դառնալու նպատակով
ՌԴ-ից ՀՀ գործուղված Սամվել Կարապետյանը տևական ժամանակ է՝ խոսում է ինչ-որ «գաղտնի պլանի» մասին։ Բայց թե ի՞նչ է այդ
պլանը, ի՞նչ գործողություններ է ենթադրում՝ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն այդպես էլ
չի բացահայտում։ Սրբազան գաղտնիք է։ Կրեմլում երևի ասել են՝ «հլը որ՝ սուս»։ Հայաստանյան
քաղաքական կյանքին քաջածանոթները «գաղտնի պլան» կապակցությունը լսելիս երևի միանգամից
կպատկերացնեն ինչ-որ գործողություններ, որոնք քննարկվում են ինչ որ ուժերի հետ, և որոնց
նպատակը ՀՀ-ում իշխանափոխություն անելն է։ Բայց քանի որ այդ պլանի իրագործման դրսևորումներին
այդպես էլ ականատես չենք լինում՝ փողոցային ավանդական դարձած բողոքի ակցիաների, միտինգների
տեսքով, ստիպված ենք ենթադրել, որ ռուսաստանցի օլիգարխի «պլանը» ուրիշ բան է ենթադրում։
Ասենք՝ այնպիսի զարգացում, այնպիսի իրավիճակ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս է գալիս
փողոց՝ առանց որևէ ընդդիմադիր ուժի ուղղորդման,
ավելի ստույգ՝ չսպասելով, որ որևէ ուժ կամ խմբակ ուղղորդի իրեն։ Նման իրավիճակ, օրինակ,
կարող է լինել առաջին անհրաժեշտության որևէ ապրանքի, կամ, ասենք, որևէ ծառայության
թանկացման դեպքում։ Օրինակ «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ՝ 2015 թվականին, մարդկանց փողոց էր դուրս բերել էլեկտրաէներգիայի
սակագնի հնարավոր թանկացումը, 2013 թվականին
էլ երթուղային տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացումը։
Վերջին շրջանում, նկատենք, ՌԴ-ի
կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ քաղաքացիներին սպառնում ու ահաբեկում է գազի գնի
հնարավոր թանկացմամբ։ Օրերս ԵԱՏՄ անդամ չորս երկրների կողմից հրապարակված զեկույցի
ամենաաղմկահարուց ու հիշվող կետը, նկատենք,
վերաբերում էր գազի 69 տոկոս թանկացմանը (եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամությունը)։ Նման
սցենարը՝ ժողովրդի գրպանին դիպչելը, բնականաբար, սոցիալական լրջագույն հուզումներ կարող
է առաջանցել, ժողովուրդը, մեծ հավանականությամբ, կարող է դուրս գալ փողոց, պահանջել
իշխանության հրաժարականը։ Այդ պատեհ առիթն օգտագործելով, ահա, «ուժեղներն» ու մյուս
ընդդիմադիր ուժերը կստանձնեն ժողովրդին առաջնորդողի դերն, ու, ո՞վ գիտե, գուցե կատարվի՞
իրենց՝ տարիներով փայփայած մեծագույն փափագը՝ գազի թանկացման ալիքի վրա հասնել իշխանափոխության։
Բոլոր նախադրյալները կան կասկածելու,
որ Սամվել Կարապետյանի ասած «գաղտնի պլանը» ոչ թե «իր խոդով» ինչ որ գործողություններ
իրականացնելն է՝ փողոցային պայքարի տեսքով, այլ՝ սպասելը, որ ի հայտ գա փողոցն ակտիվացնող
«թրիգերը», ինչից հետո ինքն ու «խմբակը» կանցնեն գործի։ Այդ «թրիգերը», որի մասին էլ,
ի դեպ, խոսել է նույն Սամվել Կարապետյանը, կարող է լինել հենց գազի հնարավոր թանկացումը։
Այնպես որ, «գաղտնի պլան» ասելով ամենայն հավանականությամբ Կարապետյանն ակնարկում էր
հենց դա՝ գազի ենթադրյալ թանկացումը։
Ի դեպ, կալուգացի գործարարը,
որն ու որի ընտանիքն ու մերձավորներն այնքան հարուստ են, որ գազի գնի անգամ 20-ապատիկ
թանկացումը չի ազդելու նրանց վրա, օրերս, անդրադառնալով
թեմային, մի ցնցող հայտարարություն է արել․ «Կթանկացնեն գազը թե չէ՝ դա ամբողջությամբ կախված է էլի Փաշինյանի խելքից ու
շնորհքից։ Ինքը շատ ուժեղ բանակցող է, բայց վստահ եմ, որ կգնա և կխնդրի, որ թանկացնեն։
Իր նպատակը հայ ժողովրդին աղքատացնելն է, ինքը ուրիշ տարբերակ չունի։ Նայեք, այն համայնքներում,
որտեղ աղքատությունը բարձր է, Փաշինյանը շատ լավ ձայներ է հավաքում․․․»։ Սա, ընդունեք,
ադեկվատ մարդու հայտարարություն չէ, այլ՝ տգիտության բացառիկ նմուշ, եթե չասենք՝ խայտառակություն։
Հայտարարություն, որը նաև ի չիք է դարձնում Կարապետյան բարեգործի ու հայասերի կերպարը։
Իսկական հայասերն ու հայրենասերը նման տխմար հայտարարություն անելու փոխարեն, օգտագործելով իր ազդեցությունը,
ազդակ կհղեր ՌԴ-ին՝ չգործել ի վնաս դաշնակցային, եղբայրական երկրի՝ ինչպես սիրում է
կրկնել Մարիա Զախարովան։ Իսկական հայասերն ու հայրենասերը կօտգագործեր իր կապերը գազի
գնի չթանկացման օգտին լոբբինգ անելու համար, իր հայրենի երկիրը ենթադրյալ թանկացման
հետևանքով ի հայտ եկող տնտեսական արհավիրքներից զերծ պահելու համար։ Բայց Սամվել Կարապետյանն
ու նրա պես մտածող «անգանգ-անգաղափար» սուբյեկտները, որոնք հատուկ քաղաքական առաջադրանքով
են գործուղվել Հայաստան, առաջնորդվում են որքան վատ Հայաստանի, ՀՀ ժողովրդի ու նրա կողմից ընտրված իշխանության
համար, այնքան լավ իրենց ու իրենց տերերի համար։ Հայաստանի՝ տնտեսապես վատ դրության
մեջ հայտնվելու դեպքում է, որ մեծանում է ժողովրդին որպես սոցիալական բունտի «մատերիալ»
օգտագործելու և իշխանությունը վերջապես զավթելու իրենց շանսը։
Ե․Ա․