Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները քննարկվել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի համատեղ ասուլիսի ընթացքում։
Արարատ Միրզոյանը նշել է, որ ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացը, Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև տարածաշրջանում ձևավորվող նոր հնարավորություններն ու Նիդերլանդների հետագա ներգրավվածության ներուժը։
Նիդերլանդների ԱԳ նախարարը ողջունել է անցած տարվանից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացրած նշանակալի քայլերը՝ ընդգծելով, որ կարևոր է գործընթացն ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։
«Մեկ անգամ ևս սատարում և աջակցում եմ այն քայլերին, որոնք Հայաստանը կատարել է այս գործընթացն առաջ տանելու համար, և գնահատանքի եմ արժանացնում այս տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերը։ Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք այս հարցում աջակցում ենք ձեզ մինչև վերջ»,– նշել է նա։
Նիդերլանդների ԱԳ նախարարը նաև հայտարարել է անհետ կորած անձանց աճյունների որոնմանն ուղղված նոր ֆինանսական աջակցության մասին՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր նշանակություն ունի կողմերի միջև վստահության ամրապնդման և խաղաղության գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Նա նաև նշել է, որ Նիդերլանդները պատրաստ է ֆինանսական աջակցությունից բացի դիտարկել օժանդակության այլ հնարավորություններ։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին աջակցության համար՝ ընդգծելով, որ անհետ կորած անձանց հարցը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, ուստի այս ուղղությամբ Նիդերլանդների ներդրումը ողջունելի է։