- Հարգա՞նք, թե՞ իշխանություն։
- Հարգանք։
- Շատ փո՞ղ, թե՞ ժամանակ։
- Ժամանակ։
- Ինտելե՞կտ, թե՞ համառություն։
- Համառություն։
-Հաղթող ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։
- Դառնում։
Այս բլից հարցերին պատասխանողը Արսեն Գևորգյանն է՝ Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության
ընտրական ցուցակի առաջին համարը, համայնքապետի թեկնածուն, որը նախօրեին՝ օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվել
է։ Օրվա առաջին կեսին, հիշեցնենք, լրահոսում հայտնվեց ՀԿ-ի տարածած տեսագրությունը,
որում ընտրություններից չորս օր առաջ, կուսակցության շտաբի իր սեղանի մոտ նստած, համայնքի կառավարումը ստանձնելու հավակնություն ունեցող
Գևորգյանը զբաղված է․․․ չէ, ոչ թե խաշի սեզոնի բացումն ազդարարելով, «ստեփանավանցիներ
ջան»-ի կենացը խմելով, այլ՝ փողաբաժանությամբ։
Չգիտենք՝ Գևորգյանի անձնական փողերի քանակն ինչքան է, ու մասնավորապես ո՞ւմ փողերն
էր նա բաժանում տեսագրության մեջ երևացող անձանց՝ սեփական քրտինքով վաստակա՞ծ, թե՞
«բեշենի» (бешеный) հարուստ կուսակցության «գանձարանից» տրամադրված, բայց փաստ է, որ իր այդ քայլով ուժեղհայաստանական թեկնածուն ապացուցեց հակառակը՝ իշխանությունը գերադասում
է հարգանքից, փողը՝ ժամանակից, ընտրություններից մի քանի օր առաջ եղած ժամանակն էլ
օգտագործում է ընտրակաշառք բաժանելու համար։ Հարգելով նրա անմեղության կանխավարկածը՝ միաժամանակ եզրակացնենք՝
հաղթող չծնված Արսեն Գևորգյանն ուզում էր առաջիկա ՏԻՄ ընտրություններում հաղթող դառնալ՝
համառությունը գերադասելով ինտելեկտից, դիմելով այն նույն մեթոդին, որին իր կուսակցությունը
հունիսի 7-ի ընտրություններից առաջ էր դիմում՝ ընտրակաշառքին, կորզելու ընտրողների
ձայները։ Բա ո՞նց չասես՝ «զրո» հարգանք քաղաքացու ազատ կամքի նկատմամբ՝ հանուն ժամանակավոր,
վաղանցուկ բանի՝ իշխանության։ «Անց են կենում սեր ու խնդում, գեղեցկություն, գանձ ու
գահ, ․․․մարդու գործն է միշտ անմահ»․․․ Գևորգյանի համերկրացին՝ լոռեցի հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էր, չէ՞, դեռ 124 տարի առաջ
պատգամել։ Եթե պարոն Գևորգյանը ականջ արած լիներ «աշուղին» ու համառության փոխարեն ապավիներ
ինտելեկտին, ապա ձեռնպահ կմնար «արխային ընկնելուց»՝ կարծելով, թե իրավապահները աչքաթող արած կլինեն Ստեփանավանն ու ընտրական գործընթացին
մասնակցող քաղաքական սուբյեկտների շտաբներում տեղի ունեցողը, ու․․․ հաստատ քրեորեն հետապնդելի
արարք չէր կատարի։ Ի դեպ, արարք, որին ուժեղհայաստանական նրա գործընկերները՝ այդ թվում
ԱԺ պատգամավոր, այդպես էլ խուսափեցին որակում
տալ՝ փոխարենը որակում տալով կառավարող ուժի գործողություններին։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն տեսնում է, որ ՈՒՀԿ-ի ընտրվելու շանսերը մեծ
են, վախենում է դրանից, իսկ Արսեն Գևորգյանի և ևս 13 անձի նկատմամբ քրեական հետապնդումը,
ըստ, օրինակ, ԱԺ ՈՒՀԿ խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի, «վախի դրսևորման հետևանքն
է»։ Ի դեպ, որ ՔՊ-ն իբրև թե վախենում է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ
լինելուց ու դիմում հունիսի 7-ի ընտրություններից
առաջ բանեցված ձեռագրին՝ ընտրակաշառք բաժանելու ու վերցնելու վերաբերյալ «կեղծ ձայնագրություններ» տարածելով «շառ անել» անմեղ «ուժեղների» վրա՝ թութակում
էին սույն կուսակցության այլ պատգամավորներ ևս։ Նրանց էին միացել նաև մի շարք վճարովի
«վերլուծաբաններ»՝ ահազանգելով Նիկոլ Փաշինյանի
«նախընտրական վակխանալիայի», ընտրությունների նախօրեին «այլանդակ քաղաքական հետապնդումների»
մասին։ Առանձնահատուկ ուժգնություն ուներ Սամվել
Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի աղաղակը, թե․ «Նույնիսկ
եթե ընդունենք, որ ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ կան քննության արժանի տեղեկություններ,
դա դեռ չի պատասխանում ամենակարևոր հարցին. ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ
անհրաժեշտ էր ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել։ Մեղադրանքը մեղավորություն
չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Եվ
ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին
փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից»։ Ինչ խոսք, քանքարավոր իրավաբան է պարոն Ամստերդամը,
որի համար, փաստորեն, անընդունելի է ընտրական
ցուցակը գլխավորող անձին «ընտրություններից մի քանի օր առաջ» կալանավորելու հանգամանքը, փույթ չէ, որ մեղադրանքը
ծանր է՝ ընտրակաշառք, որի նպատակը ընտրությունների արդյունքը խեղաթյուրելն է՝ ի շահ
կոնկրետ քաղաքական ուժի։ Փաստորեն, ըստ Ամստերդամի «ժելեզնի լոգիկայի», եթե ընտրական գործընթացին մասնակցող որևէ սուբյեկտ
ենթադրյալ հանցագործություն է կատարում ընտրություններից մի քանի օր առաջ, ապա նրան
չպետք է դիպչել, պետք է թողնել, որ նա, ժողովրդական
լեզվով ասած՝ ազատ ֆռֆռա, խոչընդոտի գործի քննությանը՝
ազդի վկաների, տուժողների կամ այլ մասնակիցների վրա, թաքցնի կամ կեղծի ապացույցները,
և այսպես շարունակ։ Համոզված ենք, որ եթե Արսեն Գևորգյանը ենթադրյալ
ընտրակաշառքը բաժանած լիներ քարոզարշավի սկզբում և բռնվեր, ապա «գրուպպա պադերժկին»
նորից նույն տիեզերական աղմուկն էր բարձրացնելու, նրանից կերտելու էր դասական քաղհետապնդյալ։ Կարող ենք գուշակել, թե ինչ տեքստեր
էին գեներացնելու աղաղակիչները՝ «ՔՊ-ն հետապնդում է իր մրցակիցներին ու լիկվիդացնում
ընտապայքարից, որպեսզի իր դեմ խաղ չլինի, ամենուր «հաստատի իր մենիշխանությունը»։ Ահա
այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնի մասին»։
«ՔՊ-ն վախենում է, դրա համար էլ կալանավորում է» մառազմի հեղինակների տրամաբանությանը
եթե ապավինենք, ապա կստացվի, որ կառավարող ուժը իր մոտ էր կանչել Արսեն Գևորգյանին,
ահաբեկել, պահանջել, որ կուսակցության շտաբ
կանչի թիմակիցներին, թաքուն փող բաժանի, որպեսզի իրավապահները օպերատիվ նկարահանում իրականացնեն ու ընտրություններից
մի քանի օր առաջ «շառ անեն» իր վրա։ Նա էլ ստիպված է եղել տեղի տալ ահաբեկմանն ու անել
այն, ինչ տեսագրության մեջ է երևում՝ փողաբաժանությամբ զբաղվել՝ դրանից բխած հետևանքներով։
Հիշեցինք հայտնի ֆիլմում
հնչող հանճարեղ ձևակերպումը՝ «գողությունը
ձեռքին բռնում ես, ասում է՝ գող չեմ, փիլիսոփա եմ»։ Ի դեպ, Գևորգյանը ձեռնարկատիրական
գործունեությամբ է զբաղվում, նրան է պատկանում «Արսեն Վաղինակի Գևորգյան» ԱՁ-ն։ ԿԸՀ
ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկացանք, որ հաշվետու ժամանակաշրջանում՝ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև այս տարվա սեպտեմբերի
1-ը, Գևորգյանը որպես եկամուտ ունեցել է 36 մլն 980 հազար դրամ։ Դրամական միջոցներն
էլ կազմել են 2 մլն 200 հազար դրամ։ Դե իսկ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ միլիարդատիրոջ
քաղաքական ուժը հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ունեցած՝ մի քանի տասնյակ գրասենյակներից
բացի՝ հայտարարագրել է նաև 63 մլն 220 հազար
339 դրամ դրամական միջոց։ Կուսակցությանը կատարված նվիրատվության
չափն էլ անցել է միլիարդ դրամը՝ կազմելով շուրջ 1 միլիարդ 450 մլն դրամ։ Վատ
չէ, վատ չէ, միայն թե նվիրատուների ցանկն անհայտ է։
Հիշեցում
Ի դեպ, մենք դեռ շաբաթներ
առաջ էինք անդրադարձել Արսեն Գևորգյանի քրեական անցյալին։ Մասնավորապես, որ նրա վերաբերյալ
կա 2020 թվականի մարտին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ «Ուժեղներ»-ի թեկնածուն նախկինում՝ 2016-ին, զբաղեցնելով «Հայանտառ»
ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի Ստեփանավանի անտառպետության անտառապետի
պաշտոնը, իր ենթակաների միջոցով ապօրինի ծառահատումներ էր իրականացրել ու պետությանը պատճառել մի քանի միլիոն դրամի չափով
առանձնապես խոշոր վնաս։ Արսեն Գևորգյանին Լոռու
մարզի դատարանը 2020-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մաով և 296-րդ
հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ վերջնական
պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 2 տարի 11 ամիս 27 օր ժամկետով՝ զրկելով պետական
և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց կազմակերպություններում ղեկավար և
նյութական պատասխանատու պաշտոններ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով: Արսեն Գևորգյանի
նկատմամբ կիրառվել էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի
առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված
քրեական գործերով համաներում, և նա ազատվել էր հիմնական պատժից:
Ստեփանավանցիները մեզ
պատմել էին նաև, թե լուրեր են շրջանառվում, որ
ապօրինի անտառահատման սկանդալից հետո, երբ Գևորգյանի վերադասը նրան ազատել է
աշխատանքից, նախկին պաշտոնյան վրդովվել ու կրակոց է արձակել նրա ուղղությամբ։ Միջադեպը,
սակայն, ստեփանավանցիների վկայմամբ, չէր արձանագրվել իրավապահների կողմից։
Հեղինե Մանուկյան