ԵՄ-ն ավելացնում է աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատվաստումներն արագացնելու համար

Գործընկեր երկրներում պատվաստումներին աջակցելու Եվրամիության ջանքերի շրջանակում Եվրոպական Հանձնաժողովն օգոստոսի 10-ին 40 միլիոն եվրոյից 75 միլիոն եվրոյի հասցրեց իր աջակցության փաթեթը՝ COVID-19- ի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի մատակարարման և Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում պատվաստումների գործընթացի արագացման համար:

Այս նոր՝ 35 միլիոն եվրոյի օգնության փաթեթով ԵՄ-ն ձգտում է էապես բարձրացնել պատվաստանյութերի հասանելիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում`գլոբալ պատվաստանյութերի սղության պայմաններում, դյուրացնելով պատվաստումների փոխանակումը ԵՄ անդամ երկրների միջև և փոխհատուցելով դրա արժեքը: Այս օժանդակությունը լրացնում է նաև ԵՄ-ի աջակցությունը COVAX նախաձեռնությանը և աշխատում է պատվաստանյութերի հավասար և թափանցիկ բաշխման ուղղությամբ Արևելյան գործընկեր երկրներում:

ԵՄ նշված աջակցությունը նախատեսվում է ի լրումն 40 միլիոն եվրո արժողությամբ աջակցության առաջին փաթեթի, որն արդեն մեկնարկել էր փետրվարին`բնակչության անվտանգ և արդյունավետ պատվաստման պատրաստվածությունն ու տեղական կարողություններն անմիջապես ամրապնդելու համար՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ: ԵՄ աջակցությունը ներառում էր պատվաստումների գործընթացում ներգրավված առողջապահական մենեջերների և բժշկական անձնակազմի վերապատրաստում, պատվաստանյութերի և այլ պարագաների առաքման և օգտագործման հիմնական նյութատեխնիկական աջակցություն, պատվաստումների տվյալները և անվտանգության մոնիտորինգը, կապի և համայնքի ներգրավվածությունը, ինչպես նաև աջակցություն թվային COVID վկայականի մշակման համար:

«COVID-19-ի կործանարար համաճարակը աննախադեպ սթրես է մարդկանց, առողջապահական համակարգերի և աշխարհի տնտեսությունների վրա: «Արևելյան գործընկերությունը», ցավոք, բացառություն չէ: ԵՄ-ն վճռական է աջակցել մեր արևելյան հարևաններին պատվաստումն արագացնելու հարցում, քանի որ դա որոշիչ կլինի համաճարակի դադարեցման և տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վերականգնման մեկնարկի համար: Մենք հոգ ենք տանում մեր գործընկերների մասին», ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին:

Հիշեցնենք, որ այսօրվա նոր ընդունված ծրագիրը հանդիսանում է COVID-19-ի դեմ այսպես կոչված Team Europe-ի գլոբալ արձագանքման մի մասը և հիմնվում է անդամ պետությունների հետ համատեղ ջանքերի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մինչ այժմ տեղի ունեցած համագործակցության վրա: Այն հետագայում հիմնվելու է Արևելյան գործընկերությունում COVID-19 համաճարակի դեմ անցած տարվա առաջին տարածաշրջանային գործողության վրա, երբ ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորեցին ուժերը և Արևելյան գործընկերության երկրներում սկսեցին 35 միլիոն եվրոյի չափով «Համերաշխություն հանուն առողջության» նախաձեռնությունը: Ակցիան ապահովեց զգալի բժշկական պարագաներ ամբողջ տարածաշրջանում, ներառյալ ավելի քան 11 միլիոն միավոր անձնական պաշտպանիչ սարքավորումներ, 12,000 լաբորատոր հանդերձանք, ավելի քան 1,500 արհեստական շնչառության սարքեր, թթվածնի խտացուցիչներ և զարկերակային օքսիմետրեր, և ավելի քան 20,000 PCR փորձարկման կոմպլեկտներ:

Նոր ընդունված փաթեթը կաջակցի գործընկեր երկրներին բ արդյունավետորեն բաշխել պատվաստանյութեր, որոնք ստացվել են ինչպես անմիջապես ԵՄ պատվաստանյութերի փոխանակման մեխանիզմի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ COVAX-ի և COVID-19 պատվաստանյութերի արտադրողներից ուղղակի գնումներ կատարելու միջոցով:

Team Europe-ը COVAX- ի առաջատար ներդրողներից է և արդեն իսկ մոտ 3 միլիարդ եվրո ներդրում է կատարել COVAX մեխասնիզմի մեջ, որը շարունակում է մնալ հիմնական կառույցը պատվաստանյութերի արդար և հավասար հասանելիությունն ապահովելու համար:
COVAX-ի ջանքերը լրացնելու համար Team Europe-ը նպատակ ունի մինչև տարեվերջ նվիրաբերել առնվազն 200 միլիոն դեղաչափ գործընկեր երկրներին: Սպասվում է, որ այդ պատվաստանյութերի մեծամասնությունը կբաշխվի նույն COVAX- ի միջոցով: