Մեր դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ՝ զրոյական հանդուրժողականություն ընտրակաշառքին. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեսագրությանն ու տեղեկատվությանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն և աջակիցներն ընտրակաշառք են բաժանել:


«Ընտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել։


Երկրի մակարդակով ընտրություններում ձախողվելուց հետո հիմա փորձում են նույն մեթոդները կիրառել համայնքային մակարդակով։


Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից առաջ իրավապահների բացահայտումներն ու իրականացրած գործողությունները ցույց են տալիս մեկ պարզ իրողություն․ որոշ ուժեր այդպես էլ չհասկացան, որ Հայաստանում քաղաքացուն փողով գնելու, քվեն առուծախի առարկա դարձնելու ժամանակներն անցել են մեկընդմիշտ:


Երբ իրավապահ մարմինները կոնկրետ փաստեր են ներկայացնում խմբի կազմում ընտրակաշառք տալու, ստանալու և դրանք կազմակերպելու վերաբերյալ, ընդդիմության միակ «արձագանքը» դառնում է աղմկելը, թե իբր իրենց «ճնշում են» կամ «խանգարում»։


Իրականում ուժեղներին խանգարում է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանի Հանրապետության օրենքն ու ժողովրդավարությունը, որոնք արգելում են ընտրողի ազատ կամարտահայտությունը պղծել ընտրակաշառքով։


Մեր դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ՝ Զրոյական հանդուրժողականություն ընտրակաշառքին։


Ով փորձի հին, արատավոր մեթոդներով մտնել ընտրապայքարի մեջ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, բախվելու է օրենքի ողջ խստությանը։


Ազատ ու արդար ընտրություն․ Ստեփանավանի ապագան ու ընտրությունների ելքը որոշելու է Ստեփանավանի բնակիչն իր ազատ քվեով։ Ժողովրդավարությունն ու օրինականությունը սակարկման ենթակա չեն»,- գրել է Մանավազյանը: