Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ

«Այսօր համաժողովի բացման լիագումար նիստում ընտրվեցի COP17-ի նախագահ՝ ստանձնելով միջազգային հանրության համատեղ աշխատանքն առաջնորդելու մեծ պատիվն ու պատասխանատվությունը»:


Այս մասին իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:


«Շնորհակալ եմ Կոնվենցիայի կողմերին Հայաստանի և իմ նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս պատասխանատվությունը ստանձնում եմ բոլոր կողմերին անաչառ ծառայելու, յուրաքանչյուրի ձայնը լսելի դարձնելու և մեր համատեղ ջանքերը շոշափելի արդյունքների վերածելու հանձնառությամբ։


Բացման ելույթում ընդգծել եմ՝ Երևանում ունենք բացառիկ հնարավորություն՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և համաձայնեցնելու հետագա կոնկրետ քայլերը։ Մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է արագացնել աշխատանքը՝ ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների։


Հայաստանի նախագահությունը գործելու է բաց երկխոսության, ներառականության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։ Մեր խնդիրն է կամրջել տարաձայնությունները, ձևավորել համաձայնություն և ապահովել բոլորի մասնակցությունը՝ կառավարություններից մինչև երիտասարդներ, գիտական հանրությունից մինչև մասնավոր հատված։


Թող Երևանը դառնա այն հանգրվանը, որտեղ ընդհանուր հանձնառությունները վերածվում են համատեղ գործողությունների՝ հանուն բնության, ներկա և գալիք սերունդների»,- գրել է նա։