Սամվել Կարապետյանը դարձել է իր արած բլեֆի զոհը. Գաղտնի պլան՝ հայելու առա՞ջ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ինքնախաբեության ու իրենց ընտրողներին խաբելու մարտավարությունը՝ չդադարելով խոսել իշխանափոխության իրենց պլանի մասին, սակայն այդպես էլ կոնկրետ ժամկետ չնշելով՝ յարաբ ե՞րբ  է այն տեղի ունենալու, ե՞րբ։ Ժամացույցը, որը միացրել էին 2026-ի ընտրություններից շատ առաջ՝ մեկ տարի առաջ այս օրերին, ու գրեթե ամենօրյա ռեժիմով ազդարարում էին, թե՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնալու է այսքան օր ու ժամ, ընտրությունների արդյունքները խափանեցին։ Այդ ժամացույցը թեև կանգ է առել, սակայն «ուժեղները» ինչքան ուժ ունեն՝ «ձև են անում», թե այն աշխատում է ու․․․ հեսա-հեսա, շուտով, էգուց, մոտ ապագայում տեղի կունենա փափագելի հրաշքը՝ Մոխրոտիկը, դդումը, առնետները․․․ ներեցեք, սրանք ուրիշ հեքիաթից էին, Սամվել Կարապետյա՛նը փողոցային պայքարի արդյունքում կհաղթի «չարին», կհագնի իր բյուրեղապակյա կոշիկը, կբազմի՛ վարչապետի (բազկ)աթոռին, ու․․․ երկնքից երեք խնձոր կընկնի, չէ, չէ․․․ մանանա կթափվի՝  300 հազար աշխատատեղերի, առանց զիջումների խաղաղության և այլ անվտանգային, տնտեսական հրաշքների տեսքով։ Իրականում, սակայն, իշխանափոխության  գրանդիոզ ծրագիրը գրանդիոզ կերպով ձախողած ու ինչքան ուժ ունի՝ խայտառակված այս քաղուժը չունի ծրագիր, «գաղտնի պլանի», «ընդդիմադիր ճիշտ ուժերի», ավելին՝ իբրև թե ՔՊ-ի որոշ՝ Փաշինյանի «կամակատարը լինել չցանկացող» անդամների հետ բանակցություններ վարելու Սամվել Կարապետյանի հավաստիացումները էժանագին բլեֆ են։ Ոչ մի պլան էլ՝ գաղտնի կամ հայտնի, գոյություն չունի, ոչ մի քննարկում էլ՝ ընդհատակյա, կուլիսային կամ այլ ֆորմատով, տեղի չի ունենում։ Եվ Կարապետյանը զոհն է իր իսկ  բլեֆի և ստիպված է քաշել դրա հետևանքները։  Խորհրդարան չանցած ընդդիմադիր քիչ թե շատ հայտնի ուժերը ներկայումս քաղաքական անգործության են մատնված՝ փորձում են հաղթահարել հետընտրական  դեպրեսիան։ Ընտրապայքարին մասնակցելը, ի դեպ, շատերի վրա թանկ է նստել՝ ֆինանսական ահռելի կորուստներ են ունեցել, ասել կուզի՝ «տակ են տվել» և՛ քաղաքական առումով, և՛ փողային։ Այնպես որ, Սամվել Կարապետյանը, եթե անգամ ինչ-որ պլան է քննարկում, ապա քննարկումը տեղի է ունենում հայելու առաջ նստած՝ դրա մեջ երևացող մարդու հետ։ Անում է այն, ինչ կարող է. ինչ արած։   Ժողովուրդը, սակայն, նման իրավիճակի համար ասացվածք ունի՝ «շաքար ասելով բերանդ չի քաղցրանա», պարբերաբար իշխանափոխություն, փոփոխություն բարբառելով էլ Փաշինյանը Կարապետյանով չի փոխարինվի։  


Այս ասացվածքի ուղերձին ակնհայտորեն անհաղորդ է Կարապետյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ Իսկ գուցե լավ էլ հաղորդ է, պարզապես որոշել էր հետևել իր կուսղեկի վարքագծին ու դիմել բլեֆի ժանրին՝ խոսելով իշխանափոխության իրենց «թիվ մեկ» օրակարգի մասին։  «Ֆակտոր»-ի տաղավարում նախօրեին տիկինն ազդարարել է․ «Մեր օրակարգում գլխավոր նպատակը անփոփոխ է՝ Հայաստանում մեծ փոփոխությունն է, Հայաստանում իշխանափոխությունն է: Համախմբվում ենք Հայաստանը այս կործանաբեր շղթայից դուրս բերելու համար: Այո, Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր օրակարգում է, և դա գլխավոր հարցն է։ Այդ փաստը պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանը դուրս գա այս շարունակական զիջումների շղթայից։ Նիկոլ Փաշինյանը մի անձ է, որն այս հասարակությանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ։ Մենք պիտի կանգնեցնենք այդ ընթացքը»,- խրոխտ ազդարարել է նախկին լրագրողը, ու մեր տպավորությամբ՝  միայն ինքն է հավատացել համախմբման, «մեծ փոփոխության», առավել ևս՝ իշխանափոխության մասին իր խոսքերին։ Չգիտենք՝ ուժեղների թիմում արդյոք  ընդունվա՞ծ է եթեր գնալուց կամ հանրային որևէ հայտարարությունից առաջ թիմակիցներին ինստրուկտաժ անելը, բայց Ղահրամանյանի խմբակցության քարտուղարն օրերս ազդարարեց, որ իրենք այժմ ինստիտուցիոնալ պայքար մղելու մարտավարություն են որդեգրել։ Ասել կուզի՝ իշխանափոխության մեծադղորդ խոստումը հրամայական չէ, օրհասական չէ։ «Հիմա ԱԺ-ում ունենք ինստիտուցիոնալ պայքար․․․ Մեր պայքարի ընդհանուր մոդելը ինստիտուցիոնալ պայքարն է ԱԺ-ում։ Լինելու է փողոցային պայքար, լինելու է մեկ անգամ և լինելու է հաղթական»,- ազդարարեց Ղահրամանյանի գործընկերը, ինչպես նկատում եք՝ նորից չհստակեցնելով իրենց «հաղթական պայքարի» օրն ու ժամը, լավ, ե՞րբ է այն լինելու։ Քաղաքագիտական տարրական կանոնը, մինչդեռ, ենթադրում է, որ եթե երկրում «վիճակը պալաժենի է»՝ «կործանարար զիջումների շղթան» կտրելու հրատապություն է  ի հայտ եկել, ապա  քաղաքական ուժերը պետք է գործեն իրավիճակին համարժեք՝ արտակարգ ռեժիմով, հրատապ ու օպերատիվ գործիքակազմ կիրառելով։ Իսկ մեր էս ուժեղները, փաստորեն, սպասում են, որ ժամը 12-ը «խփի», կախարդանքն անցնի, էն ուրիշ հեքիաթի հերոսուհին՝ Մոխրոտիկը, կորցնի իր կոշիկը, նորից ցնցոտիների մեջ հայտնվի, կառքը դդում դառնա, կառապանները՝ առնետներ, մի խոսքով, որ բանը բանից անցնի, որ հետո բան ասելու բան ունենան, այն է՝ մենք զգուշացնում էինք, բայց ժողովուրդը մեզ տենց էլ բանատեղ չդրեց, մեր կողքին չկանգնեց, մեզ իշխանության չբերեց և այսպես շարունակ (տե՛ս նախորդիվ տեղի ունեցած փողոցային պայքարների ձախողումների՝ մեկը մեկից ճոխ պատճառաբանությունները)։ Միով բանիվ՝ բանն այն է, որ «բանը բանից» չի կարող անցնել՝ ուժեղների կանխատեսած «կործանարար զիջումների» տեսքով։ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է իրավական ամուր հենքով, ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքներով։ Իսկ Սամվել Կարապետյանի ու նրա արտաքին ինստրուկտորների միակ անելիքը հունիսի 7-ի ֆիասկոյից հետո ընդամենը մեկ բան է՝ որքան հնարավոր է զարկ տալ բանսարկությանը՝ անոնսել  մոտալուտ տնտեսական, էներգետիկ «արմագեդոնի» մասին, մինչև որ իրենք «ձևը» գտնեն,  մինչև տարեվերջ մի բան անեն՝ թանկացնեն Հայաստանին վաճառվող գազը կամ էլ «գազ տան» ՀՀ-ի դեմ կիրառվող տնտեսական նոր սանկցիաներին՝ հույսով, որ «կարող ա հանկարծ էս ամենի արդյունքում էս անգամ մի բան ստացվի»։  


Այնպես որ, ի դեմս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների՝ գործ ունենք ոչ միայն և ոչ այնքան գործակալների, որքան անգործունակ գործակատարների հետ։ Ինչ արած, Պուտինը ՀՀ-ում  ունի այն, ինչ ունի։    

 

Հեղինե Մանուկյան