Հոկտեմբերի 14-ին Ստամբուլի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի
է ունեցել Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Ինչպես
հայտնում է թուրքական «Ակոս» պարբերականը, միջոցառումն առաջինն էր վերջին ինը տարվա
ընթացքում, որին Թուրքիայի կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս
Էքինջին։
Ընդունելությանը ներկա են եղել նաև Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների
կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, օտարերկրյա դիվանագիտական
առաքելությունների ղեկավարներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Կոստանդնուպոլսի
հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը և
այլ հյուրեր։
Հայաստանի ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը միջոցառումը որակել է
որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլ՝ ընդգծելով
երկու երկրների միջև երկխոսության և համագործակցության առաջընթացը։ Նա անդրադարձել
է տրանսպորտի, էներգետիկայի, կրթության և թվային կապերի ոլորտներում համագործակցության
հեռանկարներին, ինչպես նաև Անիի պատմական կամրջի վերականգնման համատեղ ծրագրին։
Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բերիս Էքինջին իր հերթին նշել է, որ Անկարան
շարունակում է Երևանի հետ երկխոսությունը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման
նպատակով։ Նրա խոսքով՝ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ շփումները
նպաստում են փոխըմբռնման խորացմանը, իսկ երկու երկրներն առաջընթաց են գրանցում տրանսպորտի,
էներգետիկայի, մշակույթի և ուղիղ առևտրի վերականգնման ուղղություններով։
«Ակոսի» փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցչի մասնակցությունն
այս ընդունելությանը Հայաստանի անկախության օրվա միջոցառումների պատմության մեջ աննախադեպ
է վերջին տարիների համար։ Միջոցառումն անցկացվել է հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման և ցամաքային սահմանի հնարավոր բացման շուրջ շարունակվող բանակցությունների
ֆոնին։