Թրամփի վարչակազմը չի հրավիրել ԵԱՀԿ-ին՝ ԱՄՆ միջանկյալ ընտրություններին հետևելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրավիրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։


Ինչպես հայտնում է The Hill պարբերականը, այս որոշումը շեղում է այն պրակտիկայից, որին Վաշինգտոնը հետևում էր ավելի քան 20 տարի։ Սպիտակ տան ներկայացուցիչ Լորեն Բիսը հայտարարել է, որ ընտրություններն անցկացվելու են ԱՄՆ քաղաքացիների մասնակցությամբ և նրանց վերահսկողության ներքո։


ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեան ցավ են հայտնել այս որոշման կապակցությամբ։ ԵԱՀԿ ԽԱ նախագահ Պերե Խուան Պոնսը նշել է, որ այս որոշումը լուրջ նահանջ է ավելի քան երկու տասնամյակ ձևավորված ընտրությունների դիտորդական պրակտիկայից։


2002 թվականից ի վեր ԵԱՀԿ-ն դիտարկել է ԱՄՆ 12 ֆեդերալ ընտրություններ, այդ թվում՝ վեց միջանկյալ։ 2026 թվականի ընտրությունները կդառնան ԱՄՆ-ում կազմակերպության դիտորդական գործունեության մեկնարկից ի վեր առաջին ֆեդերալ ընտրությունները, որոնց համար ԵԱՀԿ-ն հրավեր չի ստացել։