Ֆինլանդիայի վարչապետը առաջարկելու է ԵՄ-ին դադարեցնել զբոսաշրջային վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին

Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հաջորդ շաբաթ Եվրոպական խորհրդի նիստում հանդես կգա Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու առաջարկով։ Այս մասին նա հայտարարել է ֆիննական Yle հեռուստառադիոընկերության «Ykkösaamu» ծրագրին տված հարցազրույցում։ Քաղաքական գործչի խոսքով՝ սա Եվրոպայի անվտանգության ամրապնդման և ՌԴ-ից բխող սպառնալիքին հակազդելու կոնկրետ քայլերից մեկն է։


Օրպոն իր նախաձեռնությունը բացատրել է մտահոգություններով, որ Մոսկվան դիվերսիաներ է նախապատրաստում Եվրամիության տարածքում․


«Մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է դիվերսիոն գործողություններ իրականացնել Եվրոպայի տարածքում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք նրանց որպես զբոսաշրջիկ թույլ տալիս մուտք գործել Եվրոպա, որտեղ նրանք կարող են ազատ տեղաշարժվել»,- ընդգծել է նա։


Միևնույն հարցազրույցում վարչապետն «մեծ հիասթափություն» է անվանել դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ պայմանավորված ծավալը ծածկում է ԱՄՆ սպառման միայն չնչին մասը, իսկ դրա մատակարարումը, հնարավոր է, ընդհանրապես չիրականացվի։ Օրպոյի գնահատմամբ՝ ի վերջո գործարքը հազիվ թե էական ազդեցություն ունենա ամերիկյան կամ համաշխարհային շուկայի վրա։


Բացի այդ, Օրպոն հիասթափություն է հայտնել Google ընկերության գործողությունների վերաբերյալ, որը Մուհոսում հարյուրավոր հեկտար անտառ է հատել տվյալների մշակման կենտրոնների (data-center) համար, թեև շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության գնահատումը դեռևս ավարտված չէ։ Նա նաև մերժել է Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության առաջարկը՝ կենսաթոշակային տարիքն արագորեն մինչև 70 տարեկան բարձրացնելու վերաբերյալ՝ այն անվանելով անիրատեսական։