ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության և նախապատրաստական աշխատանքների շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։
Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։
Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացվելիք տոնական միջոցառմամբ և նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։
«Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին։ Տոնական միջոցառումը կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։00-ին, իսկ բեմի ապամոնտաժումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն։
Հորդորում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։