ՀՀ-ում վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մեկնարկում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսը:

«Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հիվանդության վաղ փուլերում հայտնաբերման զգալի առաջընթաց․ 2018-2024 թվականներին I-III փուլերում հայտնաբերված դեպքերի մասնաբաժինը 60%-ից հասել է 87%-ի։ Միաժամանակ IV փուլում հայտնաբերված դեպքերի թիվը նվազել է՝ 454-ից հասնելով 209-ի։

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է 1478 նոր դեպք։ Թեև նախորդ տարվա համեմատ նոր դեպքերի թիվը նվազել է 9,5%-ով, հիվանդության կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը շարունակում են պահանջել հետևողական աշխատանք։


Պետությունը շարունակում է նաև կրծքագեղձի քաղցկեղի թիրախային բուժման հասանելիության ապահովումը։


2020 թվականից գործող տրաստուզումաբի պետական ծրագրի շրջանակում վերջին 5 տարիներին բուժում է ստացել 1277 պացիենտ։ Այս պահին ծրագրի շրջանակում բուժում է ստանում 208 պացիենտ։


2020-2025 թվականներին ծրագրին պետական բյուջեից հատկացվել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2026 թվականին նախատեսվել է ևս 670 մլն դրամ՝ 210 պացիենտի բուժման համար։


Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում վաղ հայտնաբերումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ։ Խրախուսում եմ կանանց չհետաձգել բժշկական զննություններն ու անհրաժեշտ հետազոտությունները և հետևել մասնագետների խորհուրդներին»,- գրել է նախարարը: