ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմայով նամականիշի մարման արարողությանը:
Մարմանը նախորդած իր խոսքում Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ Մխիթար Սեբաստացու անունը հայ ժողովրդի կրթական, մշակութային և հոգևոր ժառանգության կարևորագույն էջերից է և երեքուկես դար անց նրա հիմնած գործը շարունակում է ապրել՝ իր ազդեցությունն ունենալով ոչ միայն հայագիտության և կրթության, այլև հայ մշակույթի ու ինքնության պահպանման և միջազգային ներկայացման գործում։
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններում մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ու արժևորման օրակարգի կարևորությունը՝ նշելով, որ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նամականիշի համատեղ թողարկումն այս ուղղությամբ ևս մեկ խորհրդանշական նախաձեռնություն է։
Նամականիշի մարմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակ Անտե Արքեպիսկոպոս Յոզիչը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդ Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ նշանավոր հոգևորական, հասարակական, գիտական և մշակութային գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին (1676–1749 թթ․)՝ «Սուրբ Ղազար կղզու տեսարան» փորագրանկարի խորապատկերին։