Սեպտեմբերի 26–27-ը Երևանի AI9 Startup Campus-ում կայացավ Firebird Build հեքաթոնը։ Ինժեներներն ու հետազոտողները 24-ժամյա ինտենսիվ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության գործիքներով մշակեցին իրական խնդիրների լուծումներ՝ իրենց գաղափարները վերածելով աշխատող նախատիպերի։
Միջոցառումը նախաձեռնել էր
Firebird-ը՝ OpenAI-ի, NVIDIA-ի, Picsart-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների
միության՝ ԱՏՁՄ-ի, AI9-ի և YerevaNN-ի հետ համագործակցությամբ։
«Այս միջոցառումը լիովին համահունչ
է Firebird-ի տեսլականին՝ AI հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիաները հասանելի
դարձնել այն շուկաներում, որտեղ մեծ տաղանդ ու գիտելիք կա, սակայն զարգացած ենթակառուցվածքը
դեռ բավարար չէ։ Մեր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի այդ ներուժը վերածվի նոր
արտադրանքների ու ընկերությունների։ Firebird Build-ը հենց այդ ուղղությամբ քայլ է՝
հնարավորություն տալով մարդկանց այստեղ՝ Հայաստանում, իրենց գաղափարները վերածել գործի»,
— նշում է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Հեքաթոնի ժամանակ թիմերի առջև
խնդիր էր դրվել 24 ժամում կառուցել պրոդուկտների աշխատող նախատիպեր՝ աշխատելով
OpenAI Codex-ով և ստանալով տեխնոլոգիական
համայնքի մասնագետների մենթորական աջակցությունը։ Թիմերը առաջարկեցին արհեստական բանականության
կիրառությամբ լուծումներ ռոբոտոտեխնիկայի և ֆիզիկական ԱԲ-ի, առողջապահության, բնապահպանության,
կիբեռանվտանգության և այլ ուղղություններով։
«Շատ ոգևորիչ է տեսնել այսպիսի
արձագանք մեր համայնքի կողմից. մենք ունեցանք ավելի քան 500 հայտ, ինչը փաստում է,
որ այս հնարավորությունը շատ արժեքավոր ու պահանջված էր մեր տեխնոլոգիական ոլորտի համար։
Հայաստանն այսօր դառնում է արհեստական բանականության տարածաշրջանային հանգույց, և մենք
այս հնարավորությունը կիսել ենք նաև մեր միջազգային գործընկերների հետ, ինչի արդյունքում
ունենք թիմ նաև Վրաստանից։ Firebird-ի և ԱՏՁՄ-ի ռազմավարական գործընկերությամբ մենք
շարունակական ենք դարձնելու այսպիսի միջոցառումները՝ մեր տեխնոլոգիական համայնքին արհեստական
բանականության ոլորտում նոր հնարավորություններ ընձեռելու համար», — նշում է ԱՏՁՄ
գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանը։
Հեքաթոնի մասնակից Սարգիս Գինոսյանի
թիմը ներկայացրել էր գովազդի ոլորտի պրոդուկտ։ Նրա խոսքով՝ միջոցառումը թիմին օգնել
է մեկ օրում իրականացնել աշխատանք, որն այլ պայմաններում կարող էր ամիսներ տևել։
«Հեքաթոնին 3 ընկերներով ենք
մասնակցում և այն խթան դարձավ, որ թիմով 24 ժամում անենք այն, ինչն այլ պայմաններում
կարող էր մի քանի ամիս տևել։ Հեքաթոնի ընթացքում նույնիսկ վաճառքի պլանը կազմեցինք։
Ուրախ եմ, որ Հայաստանում Firebird-ի մասշտաբի ընկերություն կա, և նման միջոցառումներ
են կազմակերպվում, քանի որ դրանք ճանապարհ են բացում տարբեր լուծումներ գտնելու և գաղափարներն
իրականացնելու համար», — ընդգծում է Սարգիս Գինոսյանը։
Հեքաթոնի ընդհանուր մրցանակային
փաթեթը կազմել է 105,000 ԱՄՆ դոլար՝ ներառելով 80,000 դոլարի դրամական մրցանակներ և
OpenAI-ի տրամադրած՝ 25,000 դոլարի API կրեդիտներ։ Վերջիններս հաղթող թիմերին հնարավորություն
կտան օգտվել OpenAI-ի ծառայություններից՝ իրենց լուծումները զարգացնելու համար։
Առաջին տեղը զբաղեցրել է PhotonicsAI թիմը, որը ստեղծել է սարքավորումների
հետ ինտեգրված արհեստական բանականության կառավարման միջավայր։ Թիմին շնորհվել է
50,000 դոլար դրամական մրցանակ և 12,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Why isn’t there an Ollama for VLAs?» թիմը, որը
մշակել է ռոբոտների համար արհեստական բանականության (VLA) մոդելների ուսուցման ենթակառուցվածք։
Թիմին շնորհվել է 20,000 դոլար դրամական մրցանակ և 8,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Երրորդ տեղը զբաղեցրել է EXPM թիմը, որը կառուցել է ԱԲ գործակալների վրա
հիմնված ինքնավար անվտանգության հարթակ։ Այն ավտոմատ կերպով հայտնաբերում է խոցելիությունները,
առաջարկում և թեստավորում համապատասխան շտկումները։ Թիմին շնորհվել է 10,000 դոլար
դրամական մրցանակ և 5,000 դոլարի OpenAI API կրեդիտներ։
Firebird Build նախաձեռնությունն
ընկերության ավելի լայն տեսլականի մասն է՝ AI ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ
ընդլայնել տեղական մասնագետների և ստարտափների հնարավորությունները։ Նման նախաձեռնությունների
միջոցով Firebird-ը նպաստում է մի միջավայրի ձևավորմանը, որտեղ Հայաստանում աշխատող
թիմերը կարող են օգտվել առաջատար տեխնոլոգիաներից ու միջազգային փորձից՝ ստեղծելով
համաշխարհային շուկայի համար նախատեսված արտադրանքներ։