ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Վերաձևակերպելով արտաքին քաղաքականությունը. առևտրի, դիվանագիտության և ազգային դիմակայունության համադրում» թեմայով բաց զրույցին։ Այս մասին հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից:
ԱԳՄԱ նախարարի տեղակալը ներկայացրել է ժամանակի ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերափոխումը՝ ընդգծելով, որ եթե նախկինում դրանք հիմնականում կենտրոնացած էին մեկ-երկու ուղղության, և ըստ էության հակամարտության կառավարման վրա, ապա վերջին տարիներին Հայաստանի շահերի վրա հիմնված, աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնող և ապագային միտված արտաքին քաղաքական օրակարգի շրջանակներում տեղի է ունեցել առաջնահերթությունների և ուղղությունների բազմազանեցում։
Ընդգծվել է տարբեր ուղղություններով, այդ թվում նաև նախարարության նոր՝ միջազգային առևտրի մանդատի շրջանակներում իրականացվող աշխատանքները:
Անդրադառնալով ռազմավարական գործընկերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ դրանց հիմքում այսօր ոչ միայն պատմական կապերն ու ավանդական ջերմ հարաբերություններն են, այլև կոնկրետ քաղաքական և տնտեսական շահերի վրա հիմնված փոխշահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Այս համատեքստում ներկայացվել են տարբեր երկրների հետ հաստատված ռազմավարական գործընկերությունների շրջանակներում արձանագրված կոնկրետ և չափելի արդյունքները։
Պատասխանելով զրուցավարի հարցերին՝ Վահան Կոստանյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նախարարի տեղակալը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը՝ անդրադառնալով ինչպես ներպետական գործընթացներին, այնպես էլ ԱՄՆ գործընկերների հետ ընթացող քննարկումներին: