Իշխան Սաղաթելյանի ԹՐԻՓՓացավը

Նորություն չէ, որ ՀՀ ընդդիմադիր դաշտի որոշ՝ քարոզչական ռեսուրսներ ու ամբիոն ունեցող  դերակատարներ ակտիվորեն զբաղված են ադրբեջանական նարատիվները հայկական մեդիատիրույթ բերելով ու տիրաժավորելով։ Փաստ է, որ ադրբեջանցի տարբեր ռանգի գործիչների հայտարարությունները ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ, քաղաքական բաղադրիչից բացի, ունեն նաև քարոզչական բաղադրիչ։ Մասնավորապես երկրորդ բաղադրիչը հաշվարկված է այնպես, որ ներհայաստանյան հասարակական- քաղաքական կյանքում հուզումներ, անվստահություն ու տագնապ առաջացնի այս կամ այն հրատապ հարցի կամ ռազմավարական նշանակության գործընթացի նկատմամբ։ Օրինակ՝ տեսնելով, որ ՀՀ-ում օրակարգային է Սահմանադրության փոփոխության հարցը, արվում են այնպիսի հայտարարություններ, որոնք կհիմնավորեն մեզանում առկա այն իռացիոնալ համոզմունքը, թե՝ իշխանությունը Մայր օրենքը փոփոխում է Ալիևի թելադրանքով։  Երբ ՀՀ հանրությունը քննարկում է  ԹՐԻՓՓ-ի՝ միջանցք լինել-չլինելու հետ կապված զգայուն հարցը, հարևան երկրից արվում են հայտարարություններ, որոնցում հիշյալ նախագծի մասին խոսելիս գործածում են միջանցք տերմինը՝ ամրապնդելու այն թյուր ընկալումը, թե ԹՐԻՓՓ-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է։  Սա հիբրիդային պատերազմի  ամենաէֆեկտիվ տեխնոլոգիաներից է,  որի մասին մեր «ամենագետ, աչքաբաց ու տաղանդաշատ» ընդդիմությունը դժվար թե տեղյակ չէ։

      

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից տարածվող նարատիվները լսել-էքստազի մեջ ընկնելու հարցում, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, առանձնանում է մասնավորապես «Հայաստան» դաշինքը։ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն էլ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով  ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՍԴ որոշմանը (ըստ որի՝ ԹՐԻՓՓ համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը) և հարցին՝ ինչպե՞ս են քվեարկելու համաձայնագրին, հայտնի կենդանու համառությամբ կրկնել է  նախկինում մի քանի անգամ ասվածն ու հազար անգամ հերքվածը «Մենք հստակ ասել ենք, որ իրականում դա միջանցք է Հայաստանի տարածքով։ Եվ որքան էլ դա փորձեն փաթեթավորել, մատուցել այլ կերպ, իրականում դա միջանցք է։ Մենք երեկ տեսանք նաև Բայրամովի հայտարարությունը։  Էն որ հարձակվում են մեր վրա, տարբեր մեծուփոքր հոխորտանքներ ա տեղի ունենում, ինչի՞, որովհետև որևէ մեկը չի արձագանքում երեկվա Բայրամովի հայտարարությանը, ով հստակ ասում ա՝ այո, դա Հայաստանի տարածք է, բայց դրա մուտք ու ելքը պետք ա հսկենք մենք»։ Լրագրողի ճշտմանը՝ արդյոք ճի՞շտ է մեջբերում ադրբեջանցի պաշտոնյայի խոսքը՝ բնօրինակը,  իրականում նա այլ կերպ է միտքը ձևակերպել, Սաղաթելյանը տարակուսել է՝ «ինչի այլ բան ա՞ ասել, ամբողջ մամուլում տեսել ենք, և հերքում չի եղել»։


Իշխան Սաղաթելյանն ու ընդդիմադիր դաշտի այլ ներկայացուցիչներ (ինչու չէ՝ նաև նրանց սպասարկող մեդիաները)  տարրական մեդիագրագիտության խնդիր ունեն։  Այլապես ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հայտարարություններին հղում անելուց առաջ նախ կուսումնասիրեին դրա սկզբնաղբյուրը։ Ասենք, ադրբեջաներեն իմացող մի փորձագետն ի՞նչ է, որ «Հայաստան» դաշինքի պես ֆինանսապես ապահովված  խմբակցությունը չունի։ Ունենալու դեպքում կհանձնարարեին, որ լսի Ադրբեջանի այս կամ այն պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությունն ու ճիշտ թարգմանի՝  խմբակցության պատգամավորներին ապահովագրելով կոնֆուզից։


Ի դեպ, քանի որ Սաղաթելյանը հղում արեց մամուլին, ապա զարմանալի է, թե ինչպե՞ս է նրա աչքից վրիպել յուրային՝ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապվող  մամուլում՝ yerevan.today-ում, հրապարակվածը, որը, պարզաբանելով  Բայրամովի հայտարարությանը վերաբերող նյութում տեղ գտած անճշտությունը,  իրազեկել է իր ընթերցողին  «Այս նյութում տեղի է ունեցել անճշտություն ադրբեջաներենով ուղիղ խոսքի ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Բայրամովն ասել է «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»։ Զգացի՞ք  բովանդակային էական տարբերությունը  երկու հայտարարություններում՝  «․․․Հայաստանի տարածք է, որի մուտք ու ելքը պետք է վերահսկենք մենք» և «․․․համարվում է Հայաստանի տարածք, որի մուտքն  ու ելքը իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»:


Ի դեպ,  Իշխան Սաղաթելյանին ու նրա պես ուշ հասկացողներին քանիցս, երիցս, բազմիցս ՀՀ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի, բացատրել, պարզաբանել են, որ ԹՐԻՓՓ-ը միջանցք չէ, այլ՝ ճանապարհ, ինչը նշված է նաև ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագրում։ Մի բան, որն արձանագրվեց  նաև ՍԴ որոշմամբ։  Ի դեպ, ՀՀ-ում Իրանի դեսպանն էլ ժամանակ առաջ ի գիտություն ՀՅԴ-ի, դրա փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի ազդարարեց՝ «ԹՐԻՓՓ-ը ոչ թե միջանցք է, այլ՝ ճանապարհ»։ Ինչո՞ւ ենք հատուկ շեշտում Իրանին, քանի որ Քոչարյանն ու նրա քաղաքական խմբակը ԹՐԻՓՓ-ի մասին խոսելիս առաջին հերթին հանդես են գալիս ոչ թե ՀՀ շահերի պաշտպանության դիրքերից,  այլ  իրենց դնում են Իրանի տեղն ու խիստ մտահոգվում այդ երկրի շահերի համար, թե՝ հանկարծ մի բան այնպես չարվի, որ Իրանը գրգռվի։ Ժողովուրդն այս դեպքի համար ասել է՝ «խալխի տան պահակ»։ 

 

Հ. Մանուկյան