Ընդդիմությու՞ն, թե՞ ազգային-ազատագրական սիմուլյանտներ

ԱԺ-ում վերջին օրերին ծավալվող բանավեճը կառավարության անդամների երդման փոփոխված տեքստի առնչությամբ ցուցանում է այն որակական դեգրադացիան, այն հնամաշ ու միաժամանակ արհեստական պոպուլիզմը, եթե կուզեք՝ սիմուլյացիան, որի կրողն է և որով առաջնորդվում է խորհրդարանական ընդդիմությունը։ Կառավարությունն, ինչպես հայտնի է, առաջարկում է վերախմբագրել  լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստը՝ այն հիմնավորմամբ, որ գործող տեքստն ամբողջապես չի արտացոլում պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման առանցքային տարրերը։

 

Նոր նախագծով մասնավորապես առաջարկվում է երդման հիմքում ամրագրել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման» ձևակերպումը, որտեղ հարատևությունը բնորոշում է պետության շարունակական գոյությունն ու կայունությունը, իսկ ինքնիշխանությունը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավասությունը։

 

«Արդյունքում կունենանք երդման հետևյալ տեքստը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման, երդվում եմ բարեխղճորեն կատարել կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա և ապագա սերունդների»,-ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

 

Իրեն ազգային, եթե կուզեք համասփյուռ ընդդիմություն հնչակած խորհրդարանական երկու խմբակցությունները, ինչպես և սպասվում էր, խստիվ ու անվերապահ «դեմ կըլլային» առաջարկվող այս փոփոխությանն առարկելով՝ երդման տեքստից դուրս են թողնվել մեր  համազգային նպատակները և հայրենիքի հզորացման գաղափարը։  Աչքի զարնեց մասնավորապես ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի առարկությունը, թե՝ ութ տարի շարունակ ժողովրդավարությունից խոսող իշխանությունը երդման տեքստից հեռացնում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։ Ըստ ընդդիմության՝ սա նաև փորձ է՝ խուսափելու Սահմանադրության նախաբանում ամրագրված հիմնարար սկզբունքներից։

 

Ինչն է ուշագրավ՝ Սահմանադրությանը հղում են անում, «համազգային նպատակներ» ու «ժողովուրդ»  եզրույթներն են հոլովում այն քաղաքական ուժերը, որոնց քաղաքական պատրոնների կամ նրանց իրավահաջորդների կառավարման օրոք ժողովրդի դատին հանձնված սահմանադրությունների հանրաքվեների արդյունքները կոպտորեն ու ցինիկաբար  կեղծվել են, հետևաբար  հիշյալ բարձրագույն օրենքները՝  2005-ին Ռ․ Քոչարյանի օրոք և 2015-ին Ս․Սարգսյանի օրոք քվեարկության դրված սահմանադրությունները չեն արտահայտում սահմանադիրի՝ ՀՀ ժողովրդի կամքը։ Արդ, այդ ո՞ր ժողովրդին են հղում անում  նորաթուխ ու արդեն վաստակավոր ընդդիմադիրները՝  խոսելով վերջինիս առաջ պատասխանատվությունից խուսափելով։  Սահմանադրական բարեփոխումներ հնչեղ անվան ներքո երկրում դրություն սահմանող գլխավոր-գերագույն օրենքը փոփոխվել է ոչ թե այդ սուբյեկտի՝ ժողովրդի կամքի գերակայությունը երաշխավորելու, այլ՝  սահմանադրական բարեփոխիչների՝ Քոչարյան-Սարգսյան քաղաքական զույգի ու նրանց կլանների կամքի ու քաղաքական կամակորություններին հագուրդ տալու,  նրանց իշխանավարումը երկարաձգելու, հերթափոխով վերաստանձնելու նպատակով։ Սահմանադրություն, որով սահմանված կարևոր իրավունքներից մեկը՝ ընտրական իրավունքը, նկատենք, ի գիտություն Վարդևանյանի և նրա քնարի հետևորդների,  բռնաբարվել է հետևողականորեն ու ամենայն դաժանությամբ։

 

Հետևապես, ԱԺ  «ուժեղ»  փոխնախագահը կամ նրա՝ «առակս կցուցանե «  ոճով ճամարտակող  այլ քաղաքական սուբյեկտներ ԱԺ ամբիոնից համազգային նպատակներից ու այլ բարձր կատեգորիաներից խոսելուց առաջ թերևս հարցում անեին  իրենց քաղաքական «բոսսերին»՝ որոնք են եղել նրա՛նց իմացած ու պատկերացրած  համազգային նպատակները՝ արդյոք ազգի վճարած հարկ ու տուրքից  գոյացած պետական գանձարանը անողոքաբար թալանելը, արդյոք ժողովրդին  հարստահարելը, սփյուռքին կթու  կովի տեղ դնելն ու կթելը «հանուն  համազգային նպատակների»՝ հընթացս էլ մեջ-մեջ անելով այդ նպատակների իրագործման համար հանգանակված ահռելի գումարների որոշ մասը։  Իրականում, սակայն, այս իռացիոնալ քննարկումը՝  երդման տեքստից այս կամ այն բառը հանելու վերաբերյալ,   բնավ թելադրված չէ քննարկման հեղինակների քաղաքական սրտացավությունից, նրանց կողմից ներկայացվող  մտահոգություններն էլ սնանկ լինելուց զատ նաև զուրկ են լեգիտիմությունից։ Ընդդիմությունն ընդամենը ազգային-ազատագրական իրեն  «ֆորմի մեջ մնալու»  խնդիր է լուծում, այսպիսով ապացուցելով, որ չունի  Հայաստանի առաջանցիկ, խաղաղ, բազմազանեցված զարգացմանը համարժեք  տեսլական։ Եթե անգամ ունի տեսլական, ապա այն պատմական անցյալը քչփորելու՝ անցյալից ժառանգված խնդիրների, կոնֆլիկտների  վրա քաղաքականապես պարազիտանալու ու դրանց շուրջ իր քաղաքական օրակարգն ու բանավեճը  կառուցելու,  կարճ ասած՝  քաղաքական հետընթացի ու տեղապտույտի մասին է։  Ընդդիմություն, որը սնվում է   «Ցեղասպանություն», «Ղարաբաղյան կոնֆլիկտ», «Անկախության հռչակագիր»,  «Թուրքիա»,  «Ալիև», «զիջում», «հանձնում», «գերի» կապակցություններով ու բառերով։ Եվ հենց թվարկվածները  դադարեն լինել ազգային նպատակներից ճչացող ու ժողովրդի դարդը լացող խմբակների  խուսույթի  «թոփ 10-յակում»,  նրանց ռազմահայրենասիրական, ազգային-ազատագրական կեղծ դիմանկարն ի չիք կդառնա՝ դրանից բխող  «մաշմշիչ» հետևանքներով։  Այդ խմբակը նաև կկորցնի իր պիտանիությունը այն քաղաքական կենտրոնների համար, որոնց պլաններում կա  Հայաստանի հարատևությունը, սակայն  առանց անկախության ու ինքնիշխանության։