Հայաստանի սահմաններից դուրս գտնվող անտեսանելի օջախներ, աշխարհաքաղաքական կենտրոններ կան, որոնք իրենց շահերից բխող նպատակներն իրագործելու համար պատրաստ են ամեն ինչի և այստեղ ունեն աջակիցներ։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Հայաստանում իշխանության խնդիրը լուծելու համար այդ կենտրոնները պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել»,-նկատեց Քոչարյանը և, ի պատասխան մեր ճշտման՝ արդյոք «ամեն ինչ» ասվածը ներառո՞ւմ է նաև ընդհուպ ահաբեկչությունը, նոր «Հոկտեմբերի 27»-ը, հավելեց․ «Եթե այդպիսի սցենար գործի, ապա նշանակում է՝ իրավապահ համակարգը դասեր չի քաղել։ Մի մոռացեք, որ այդ սցենարը գործեց նաև նոյեմբերի 9-ից հետո, երբ մի հրահանգով թաղերի խուժանը եկավ ու գրավեց պետական շենքերը։ Պարզապես իրենց չհաջողվեց գտնել Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում նույն «Հոկտեմբերի 27»-ն էր»։
Անդրադառնալով նախկին
նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքին և նրա թիմակիցների այն պնդմանը,
թե այդ գործը աշխարհաքաղաքական համատեքստ ունի, քանի որ Քոչարյանը դիմադրելու էր իշխանության
կողմից առաջիկայում սպասվելիք նոր զիջումներին՝ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց․ «Այսինքն՝ Քոչարյանը ինչ-որ բան կանխողն էր, հա՞։ Այդ դեպքում թող ինքն իր ընտանիքի հետ պատերազմից
հետո մնար ու ապրեր Ղարաբաղում, էնտեղից դուրս չգար։ Փրկիչները պետք է պատրաստ լինեն
նաև իրենց անձի զոհողությանը, ինչը մենք չենք տեսել։ Նրա հարստացումը տեսել ենք։ Հիմա
կտեսնենք հարստահարումը, և նոր կհասկանանք՝ ի՞նչ ծավալի հարստացման մեխանիզմներ են
դրված եղել «Հոկտեմբերի 27»-ից հետո։ Բա որ ասում են՝ պիտի կանխի, կանխող էր, 20 տարի
ինքն ու Սերժ Սարգսյանը բանակցում էին Ղարաբաղի հարցով, ինչի՞ չեն լուծել այդ հարցը։
Հենց նույն փոխզիջումային տարբերակներով կարող էին լուծել, չգիտեի՞ն, որ հեռանկար չկար,
գնում էր ուժերի անհամաչափ զարգացում, Ադրբեջանը մի քանի անգամ ավելի շատ միջոցներ
էր ծախսում իր զինված ուժերի կայացման համար»։
Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին, որը նրա որդու ու փաստաբանների պնդմամբ օրինական է, և իրենք դա հիմնավորող բոլոր ապացույցները կներկայացնեն դատարանում, մեր զրուցակիցը հակադարձեց՝ «այդ դեպքում թող ներկայացնեն այն նախնական ունեցվածքը, որը իրենք ունեին ի սկզբանե, նախքան «Հոկտեմբերի 27»-ը և դրանից հետո։ «Հոկտեմբերի 27»-ից հետո ի՞նչ մեխանիզմներ գործեցին, որ էժան առնում էին, թանկ ծախում էին, և դեռ կյանք չմտած նրա զավակները դարձան միլիոնատերեր»։ Նկատեցինք՝ ասում են՝ տաղանդավոր բիզնեսմեններ են եղել և կան, պատգամավորն էլ հակադարձեց՝ «մեկն էլ կար, երբ հարցնում էին՝ միլիոնները որտեղի՞ց, ասում էր՝ պամիդոր եմ ծախել՝ խոսքը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին է։ Այո, Քոչարյանը շատ տաղանդավոր էր ու այդ տաղանդի հանգույն «Սիստեմա» ընկերությունից ստացավ աշխատանք։ Մեկը պետք է հարց տա իրեն՝ այդ ընկերությունում ինչ ծավալի գումար ներդրեցիր, որ եկամուտներդ դարձան միլիոններ։ «Սիստեման» ՌԴ ամենախոշոր ընկերություններից է, և այն, այսպես ասած, ժեստ է արել՝ «Գույք պարտքի դիմաց»-ի դիմաց տվել է տվել Քոչարյանին տնօրենների խորհրդում աշխատելու հնարավորությունուն»։
Անդրանիկ Քոչարյանի
հետ զրուցել ենք նաև ՀՀ արդարադատությունից խույս տված իշխանության նախկին ներկայացուցիչների,
նրանց՝ արդարադատության առաջ կանգնելու և այլ հարակից թեմաների մասին։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝
տեսանյութում։
Հեղինե Մանուկյան